Երևանում կկայանա Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված «Առաջին Տաթևիկ» համերգ ներկայացումը
КультураՆշանավոր երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակի առթիվ տեղի կունենա «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը: Մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ ընտրված է համերգ-ներկայացման համար շատ հետաքրքիր ծրագիր։
«Մայիսի 20-ին կներկայացվի այն երգացանկը, որ իր կյանքի ընթացքում կատարել է Տաթևիկ Սազանդարյանը՝ Սպենդիարյանի, Հարությունյանի, Վերդիի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների գործերից»,- նշեց նա։
Լավագույն օպերաների արիաները հնչելու են երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և օպերային թատրոնի մեներգիչների կատարմամբ։ Աննա Տեր-Հովակիմյանը հույս հայտնեց, որ հոբելյանական համերգ-ներկայացման ձևաչափը, որն առաջին անգամ է Հայաստանում ներկայացվում, մեծ ընդունելություն կգտնի հանդիսատեսի կողմից։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր նվիրված երգչուհու հոբելյանին՝ հեռուստահաղորդում, մեներգիչների հանրապետական մրցույթ, նամականիշի թողարկում։ Բացի այդ, թվայնացվել է երգչուհու՝ ոսկե ֆոնդերում պահպանվող մշակութային ժառանգությունը։ Համերգ-ներկայացման կազմակերպիչ Տաթևիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ մայիսի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կցուցադրվեն Տաթևիկ Սազանդարյանի անձնական լուսանկարները։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու երգչուհու աշակերտները, հայտնի այլ մեներգիչներ։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։