Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել
КультураԱրագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել: «Արմենպրես»-ի հետ զրուցում Աղձքի հնավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց, որ արձանագրությունները վերծանման փուլում են: «Վաղ միջնադարյան արձանագիր տապանաքարեր մենք ընդհանրապես չենք ունեցել»,-ասաց նա:
Հնագետի խոսքով` պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը մինչեւ աշուն հուշարձանի տարածքում պեղման-մաքրման աշխատանքներ կիրականացնի: «Մենք ակնկալում ենք այդ տարածքում վաղ միջնադարյան մոնումենտալ կառույցներ հայտնաբերել»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է Աղձքը Հայաստանի ամենակարեւոր զբոսաշրջային վայրերից մեկը դարձնելու համար:
Դեռ անցյալ տարի նոյեմբերին Աղձքի հնավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ-սնդուկներից ամենամեծը, որտեղ հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ:
Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։
Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։