Երևանում ցուցադրվեցին Ռուսաստանի հայկական եկեղեցիների լուսանկարները
КультураՌուսաստանի Կրոնների պատմության թանգարանի և Հայաստանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի համագործակցության արդյունքում մայիսի 20-ին`«Թանգարանների միջազգային օր»-ը, Ճարտարապետության թանգարանում բացվեց «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդության 300-ամյակին:
Ցուցահանդեսի նպատակը հայ և ռուս ժողովուրդների պատմական ընդհանրությունները և քրիստոնեական արժեքների վրա հիմնված հոգևոր կապը ներկայացնելն է, երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելը:
«Ներկայացված են «Ռուսական Հայաստան-հայկական Ռուսաստան» խորագրով 2015 թվականին Ռուսաստանում կայացած միջազգային լուսանկարչական մրցույթում լավագույնը ճանաչված աշխատանքներ: Մրցույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Անի Գրիգորյանը:
Լուսանկարչական մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի հայտնի լուսանկարիչներ, սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձիք: Մասնակիցների խցիկները նկատել և ֆիքսել են հայկական եկեղեցական ճարտարապետությունը, ծեսերը և կենցաղը, մարդկանց առօրյան: Առանձնահատուկ են հատկապես Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցու առօրյային վերաբերող գործերը:
Փոխտնօրենի խոսքով` ներկայացված են նաև պետերբուրգաբնակ Մաքսիմ Աթայանցի լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Ղրիմի հայկական հուշարձանները:
«Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության թանգարանի հետ համագործակցում ենք անցյալ տարվանից: Իրականացրել ենք «Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը, որի բացումն այսօր տեղի է ունենալու Արցախում»,-ընդգծեց Գրիգորյանը:
Ցուցահանդեսին հնարավոր է տեսնել նաև ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի «Խաչքարեր» նախագիծը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը: