ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կազմակերպած խաղ-մրցույթին հաղթեց Արմավիրի մարզի թիմը
ОбществоՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին հաղթեց Արմավիրի մարզի դպրոցականների թիմը: Խաղ-մրցույթին մասնակցնում էին Հայաստանի 10 մարզերի և Երևանի երեխաները:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հասարակայնության հետ կապերի մասնագետ Մարիամ Տեր-Սահակյանը նշեց, որ ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի նպատակն է ֆինանսական տարբեր թեմաներով երեխաների կրթության և գիտելիքների բարձրացումը, ինչպես նաև նրանց ճկունության և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացումը:
«Մինչ մրցույթի կիսաեզրափակիչ փուլն առանձին մարզերում երեխաները մասնակցել են մրցույթներին, և ընտրվել են նրանց թիմերի կազմերը: Հայաստանի 10 մարզերից և Երևանից եզրափակիչ փուլ անցան Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի թիմերը, որից հետո հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի թիմը»,- տեղեկացրեց նա:
Հաղթողը ստացավ մրցանակ ԿԲ-ի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից, որոնք նաև հանդիսանում են այս միջոցառման կազմակերպիչները:
ՀՀ կենտրոնական բանկի ՍՇՊ եւ ՖԿ կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի խոսքով` այս մրցույթն արդեն հինգ տարի է ընթանում է: Նա նշեց, որ Հայաստանի 150 դպրոցների երեխաներ մրցում են ֆինանսատնտեսագիտական գիտելիքների շուրջ, և հետո մարզը կազմում է հավաքական թիմ, որի անդամները պետք է գան Երևան կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցումների մասնակցելու համար:
«Միջոցառման նպատակն է դեռևս վաղ տարիքում երեխաների մոտ առաջացնել ֆինանսների հետ հաշվի նստելու կարողություն, քանի որ մշակութային տեսանկյունից մեզ մոտ ավանդույթ չկա ընտանիքում կամ դպրոցում խոսել փողի մասին, որի հետևանքով երեխան դպրոցն ավարտելուց պատրաստ չի լինում ֆինանսական որոշումներ կայացնելու: Սակայն ֆինանսները մեր կյանքի անբաժան մասն են և խուսափել դրանից, նշանակում է պարզապես վատթարացնել մեր որոշումների որակն այս ոլորտում»,- ասաց Մկրտչյանը: