Զբոսաշրջության ոլորտի 10 նոր գործարար Արենիում ներկայացրել են իրենց գաղափարները
ЭкономикаՎայոց Ձորի մարզի Արենի համայնքում 10 սկսնակ գործարար ներկայացրեց զբոսաշրջության ոլորտին վերաբերող գործարար գաղափարներ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) համագործակցության շրջանակում կազմակերպված անվճար գործարար դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստել և հանձնաժողովին ներկայացրել էին գինեգործությանը, սննդի ծառայություններին և հյուրատնային բիզնեսին առնչվող գործարար ծրագրերը:
Այս մասին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ:
«Այս տարի սա արդեն 10-րդ դասընթացն է: Տարվա սկզբից մինչև հիմա բոլոր դասընթացներին մասնակցած մոտ 150 սկսնակներից 15-ը ֆինանսավորվել է և ստեղծել նոր ձեռնարկություն: Հույս ունեմ՝ այս խմբի գաղափարների հեղինակների մեծ մասը նույնպես ֆինանսավորում կստանա»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Դասընթացն անցկացվել է «Մեկ գյուղ, արտադրանք» ճապոնական ավանդական գաղափարախոսության հիման վրա: ««Մեկ գյուղ, մեկ արտադրանքը» տեղական տնտեսական զարգացման մեթոդ է, որի հիմքում ընկած է տեղական մշակույթի, ավանդույթների, առանձնահատկությունների ամբողջական իրացումը: Ես վստահ եմ, որ այց դասընթացի մասնակիցներն ամբողջապես հասկացել են գաղափարախոսությունը»,- ասաց հայ-ճապոնական ծրագրի խորհրդատու Ռյուիջի Սենոն:
Դասընթացի մասնակիցներից Աննա Ղազարյանը նպատակ ունի ավելացնել Արենիի հյուրատների ցանկը ևս մեկով: «Ես արդեն ունեմ չրագործությամբ զբաղվելու փորձ: Իմ արտադրած չրերը վաճառում եմ տարբեր հյուրատներին: Մտածեցի՝ ինչու չստեղծեմ իմ սեփականը, հատկապես, որ շինությունն արդեն կա»,- ասում է տիկին Աննան: Նա շատ գոհ է դասընթացի արդյունքներից և հույս ունի ստանալ հավելյալ եկամուտ՝ նոր հյուրատունը հիմնելով:
Հայ-ճապոնական համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2013 թ. մարտին: Առաջին փուլն իրականացվել է մինչև 2015թ․ մարտ, երկրորդ փուլը սկսվել է 2016թ. օգոստոսին: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը և տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը: