Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 12 երկրների ներկայացուցիչներ
СпортՀայաստանի շախմատային ֆեդերացիան 2017 թ. հունիսի 20-29-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպում է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային բաց մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին՝ Ջերմուկ քաղաքի Հայաթ Փլեյս հյուրանոցում: Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 12 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի և Բելառուսի շուրջ 80 պատվիրակներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների մեջ են 23 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:
Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Նա Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: