Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Պրեմյեր լիգայում անցկացրած առաջին մրցաշրջանը
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է Անգլիայի Պրեմյեր լիգայում անցկացրած առաջին մրցաշրջանը:
«Կարող եմ ասել, որ անցկացրեցի հաջող մրցաշրջան: Որոշակի խնդիրներ ունեի մրցաշրջանի սկզբում, բայց դա ֆուտբոլի մի մասն է: Ես ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ էի այդպիսի իրավիճակի: Կարողացա հաղթահարել դժվարությունները եւ ցուցադրել արդյունավետ ֆուտբոլ:
Պրեմյեր լիգան հեռուստացույցով եւ կյանքում տարբեր բաներ են: Այստեղ խաղի տեմպը շատ ավելի բարձր է, քան կարող ես պատկերացնել: Մտածելու ժամանակ քիչ ես ունենում: Դժվար էր հարմարվելը, բայց կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ավարտված առաջնության 24 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Եվրոպայի լիգայի 11 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 6 գոլ: Նա նաեւ մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության 3 հանդիպման՝ խփելով 1 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում Մխիթարյանը 2 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է նաեւ Անգլիայի Սուպերգավաթի խաղին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր եւ Անգլիական լիգայի գավաթակիր: Անգլիայի առաջնությունում թիմը գրավել է 6-րդ տեղը, սակայն Եվրոպայի լիգայում հաղթելու շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: