ՀՀ առողջապահության նախարարությունն ընդլայնում է համագործակցությունը հոգեբուժության ոլորտում
ОбществоՀՀ առողջապահության նախարարությունը, ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ու Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորումն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում: ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նշեց, որ 2013-2015 թվականերին Երևանում «Սանոֆի» ընկերության և Համաշխարհային սոցիալա! կան հոգեբուժության միավորման հետ համագործակցությամբ անցկացվեց պիլոտային ծրագիր, որի շրջանակում թիրախավորված էր շիզոֆրենիան:
Գաղտնիք չէ, որ շիզոֆրենիայով տառապողների չնչին մասն է առնչվում հոգեբույժների հետ: Շատ հաճախ շատերը չեն այցելում հոգեբույժներին, որովհետև ժամանակին չեն ախտորոշվում և չեն ուղեգրվում մասնագետի մոտ: Սամվել Թորոսյանի խոսքով՝ այստեղ շատ մեծ նշանակություն ունեն առաջնային օղակի բժիշկների մոտեցումները: Պիլոտային ծրագրի շրջանակում հնարավոր եղավ Երևանում վերապատրաստել բժիշկներին:
«Քանի որ պիլոտային ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, որոշվեց, որ այն ընդարձակվի: Կնքվեց համաձայնագիր, որով ծրագիրն ընդլայնվեց 3 տարով: Այժմ վերապատրաստվելու են նաև մյուս մարզերի մասնագետները: Թիրախը լինելու է ոչ միայն շիզոֆրենիան, այլև դեպրեսիան»,-ասաց Սամվել Թորոսյանը:
Նա նշեց, որ ազգաբնակչության 5 տոկոսը տառապում է ընկճախտով, նման երևույթներ են լինում մայրերի մոտ հետծննդյան շրջանում, հետևաբար շատ կարևոր է, որ առաջնային բուժօգնության բժիշկները պատրաստված լինեն և ուղղորդեն հիվանդներին մասնագետի մոտ: Վերապատաստվելու են! նաև այն մասնագետները, ովքեր առնչվում են դեպրեսիայի հետ, որպես հարակից հիվանդություն:
Ֆրանսիական «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարին նշեց, որ իրենց ընկերությունն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում` փոխանցելով ունեցած փորձը: Ֆրանսուա Բոմպարին ընդգծեց, որ իրենց համար Հայաստանը կարևոր գործընկեր է:
«Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, Հայաստանում մենք ունենք լավ գործընկեր ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ում առաջնահերթությունների թվին է դասվում համապատասխան ծրագրերի իրականացումը մտավոր խանգարումներ ունեցող անձանց տառապանքներն ամոքելու համար: Հայաստանն ունի առողջապահական անհամեմատ ավելի լավ, զարգացած, արդյունավետ համակարգ, քան շատ այլ երկրներում, որոնց հետ մենք առիթ ենք ունենում աշխատելու»,-ասաց նա:
Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգը նշեց, որ ասոցիացիան 3 հիմնական ուղղությամբ է աշխատում. այն է՝ բարելավել համակարգերը հոգեկան առողջության ծրագրերն ավելի արդյունավետ իրականցնելու համար, վերապատրաստել լայն շրջանակի մասնագետների հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին վաղ բացահայտելու և բուժելու համար: Ինչպես նաև պայքար խարանի դեմ, որի պատաճառով մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
«Դեպրեսիան աշխարհում տարածված հիվանդություններից մեկն է, բայց այդ հիվանդությամբ տառապողների 80 տոկոսը չի ընդունում այն: Դեպրեսիան ավելին է, քան տխրությունը, դա մարդու կողմից իր ամենօրյա գործողությունների նկատմամբ առկա անտարբերությունն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ առաջնային օղակի մասնագետները վերապատրաստված լինեն»,-ավելացրեց մասնագետը
Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախկին նախագահ Դրիս Մուսաուին նշեց, որ բազմաթիվ անգամ Հայաստանում է եղել և ականտեսն է համակարգի շարունակական զարգացման:
«Այս երկրում կա առաջընթաց, որի համար ես շատ ուրախ եմ: Որևէ երկիր չի կարող զարգանալ առանց առողջ հասարակության, որովհետև հակառակ պարագայում արտադրողականությունը կնվազի: Երկիրը չի կարող առողջ լինել, եթե բնակչության մտավոր, հոգեկան վիճակը լավ չէ: Հոգեկան խանգարումները տարածված են, սակայն մարդիկ չեն ուզում դա ընդունել: Պատճառը խարանն է, անգամ թե այդ երևույթը աչք է զարնում, մարդիկ չեն ուզում դա տեսնել, անձը շարունակում է տառապել: Չգիտես ինչու, որդեգրում են հետևյալ քաղաքականությունը` չեմ տեսնում չեմ լսում, չեմ խոսում»,-հավելեց մասնագետը! ` նշելով, որ խնդիրները լուծելի են, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին: