Մինչև 20 միլիոն դրամ ԱԱՀ-ի գործարքների վերադարձի պարզեցված ընթացակարգով տնտեսավարողները կխնայեն զգալի ժամանակ
Экономика2017 թվականի ապրիլի 13-ից մինչեւ մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը՝ ներկայացնելով մինչև 20 միլիոն դրամ! ԱԱՀ-ի գործարքների վերադարձի պարզեցված ընթացակարգը:
Նա նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործարար միջավայրի բարելավմանը միտված նոր ծրագիր, այն է՝ Կառավարության որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչեւ 20 մլն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգերը եւ ժամկետները:
2017 թվականի հունվարի 1-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով 94 կազմակերպությունների վերադարձվել է 20, 382, 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումար, մինչդեռ 2016 թվականի նույն ժամանակահատվածում 48 կազմակերպությունների է վերադարձվել 17.011,7 մլն դրամ, այսինքն՝ ի համեմատ 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ ավելի է վերադարձվել 3.370,8 մլն դրամ ԱԱՀ: Վերադարձված գումարի աճը կազմել է 19.8 տոկոս:
«Ակնհայտորեն էական աճ է գրանցել նաեւ ԱԱՀ-ի գումարները հետ ստացած կազմակերպությունների թիվը: Դա պայմանավորված է արտահանման գործարքներ իրականացնող հարկ վճարողների թվի զգալի աճով»,-նշեց Տիգրան Կիրակոսյանը՝ տեղեկացնելով, որ կրճատվել է նաեւ հարկ վճարողների կողմից ԱԱՀ-ի գումարների վերադարձի դիմումների ներկայացման օրվանից մինչեւ գումարների փաստացի վերադարձն ընկած սպասելաժամանակը:
Եթե նախկինում այն հասնում էր 180 օրվա, ապա սկսած նախորդ տարվա վերջից աշխատանքներ են տարվում նշված ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ:
«Ակնկալում ենք, որ 2017 թվականի հուլիս ամսից կհաջողվի ԱԱՀ-ի գումարների վերադարձն ապահովել 90-օրյա ժամկետում»,-ասաց ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով 2016 թվականի հունվարի 1-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում վերադարձվել է 100.2 մլն դրամ գումար: ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով 2017 թվականի նույն ժամանակահատվածում վերադարձվել է 160.1 մլն դրամ, մինչեւ դեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով վերադարձվել է 59.9 մլն դրամով ավելի ԱԱՀ գումար:
«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Եզեկյանը դեռեւս չի օգտվել նոր ընթացակարգից, սակայն կարծում է, որ ժամկետի կրճատումը բիզնեսի համար նպաստավոր կլինի շրջանառվող միջոցները ավելի արագ ետ ստանալու հարցում: Նա նշեց, որ բիզնեսի համար դա շատ կարեւոր է:
«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն ամսական արտադրում է 3 մլն զույգ ձեռնոց, որոնք արտահանվում են Ուկրաինա, Ռուսաստան: Ամսվա կտրվածքով ընկերությունը կատարում է 8-10 գործարք: