Վարդան Արամյանը ներկայացրեց օֆշորային երկրների ցանկի սահմանման անհրաժեշտությունը
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, անդրադառնալով օֆշորային երկրների ցանկի սահմանման կառավարության որոշման անհրաժետությանը, նշեց, որ դա բխում է ՀՀ Հարկային նոր օրենսգրքի դրույթներից: Նրա խոսքով՝ օֆշորի գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մի քանի չափանիշներով նման երկրներ են դիտարկվում այն պետությունները, որոնց մոտ շահութահարկի դրույքը բավական ցածր է: Օրինակ՝ ՀՀ-ում շահութահարկը 20 տոկոս է, բայց այդ ցանկում ներառված երկրներից Իռլանդիայում 0 տոկոս է:
«Եվ այդ ցանկը հրապարակվում է զուտ այն պատճառով, որպեսզի մենք զսպող մեխանիզմներ ունենանք, որպեսզի հարկերից խուսափման սխեմաներ չաշխատեցնեն: Այդ ցանկում առաջավոր երկրներ կան, դա ոչ թե նշանակում է, որ այդ տնտեսությունները վտանգավոր գոտում են, այլ այդ տնտեսություններում շահութահարկի դրույքը շատ ավելի ցածր է, քամ մեզ մոտ, և կա հավանականություն, որ այդտեղ կաշխատեն հայտնի սխեմաները»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հարկային օրենսգիրքն այդպիսի հարկային սխեմաների կանխարգելման նորմեր է սահմանում:
«Օրինակ՝ մենք ասում ենք, որ եթե դու առանց ապրանքի մատակարարման և ծառայությունների մատուցման ուղղակի կանխավճար ես տալիս և այդ կանխավճարը մեկ տարի մնում է քո գործընկերոջ մոտ, մեկ տարուց հետո, եթե օֆշորային գոտի համարվող երկրներում գտնվող ընկերություններին չի փոխանցվել, դա դիտվում է ծախս և նվազեցվում է քո շահութահարկի բազայից:
Բայց այս դեպքում, քանի որ շահութահարկը մեզ մոտ ավելի բարձր է, քան այդ երկրներում, կա մեծ հավանականություն, որ այդ գումարները փոխանցեն այդ գոտիներ, մեկ տարի հետո դա նվազեցնեն և ունենան առավելություններ շահութահարկի վճարման գծով: Որպեսզի դա տեղի չունենա, մենք ասում ենք՝ երբ 360 օրն անցնի, դրանից հետո փոխանցված կանխավճարի դիմաց, եթե ապրանք կամ ծառայություններ չի մատակարարվում, ես այդ գումարը դիտելու եմ որպես եկամուտ և հարկելու եմ»,- մանրամասնեց նախարարը:
Կառավարության սահմանած օֆշորային գոտիների ցանկում են 37 պետություն՝ Պանաման, Իռլանդիան, ԱՄԷ-ն, Շվեյցարիան, Ֆիլիպինները, Նիդեռլանդների թագավորության տարածաշրջանները, Լիբանանը, Անդորրան, Կիպրոսը և այլն: