Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեխաների օրը տոն դարձրեց
ОбществоԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներից անմասն չմնաց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարության մշակույթի կենտրոնը նախաձեռնել էր հետաքրքիր ցերեկույթ, որը յուրատեսակ տոն էր փոքրիկների համար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, փոքրիկ հյուրերին ողջունելու էին եկել հեքիաթների ու սիրված մուլտֆիլմերի հերոսները, իսկ «Միլեն» շոու բալետի պարային և «Հրաշք մեղեդի» մանկական երգչախմբի կատարումները տոնական միջոցառման մասնակիցներին պարգևեցին բարձր տրամադրություն։
Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր, «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը հանդես եկավ խաղ-ներկայացմամբ, իսկ ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Նախարարության տարածքը զարդարված էր փուչիկներով ու մշակույթի կենտրոնի սաների գեղանկարներով:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները նույնպես եկել էին շնորհավորելու: Նրանք «Աղետիկ» փոքրիկ բեմականացմամբ երեխաներին ներկայացրեցին «911» ծառայության ու աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը:
Տոնական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության աջակցությամբ: Հունիսմեկյան միջոցառումն այսուհետ ավանդույթ է դառնալու՝ ՀՀ ԱԻ նախարարության բակում հյուրընկալելով ոչ միայն համակարգի աշխատակիցների երեխաներին, այլև՝ բոլոր այն փոքրիկներին, որոնք կցանկանան ավելի լավ ծանոթանալ փրկարարներին և անվտանգության վարքականոններին: