Կայացավ պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը
КультураԵրևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը։ Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն ասաց, որ փառատոնի միջոցով իրենք փորձում են պահպանել պատանեկան տաղանդը։
«Մեր կազմակերպությունը շուրջ 29 տարի է գոյություն ունի, ստեղծվել է անմիջապես Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք նպատակ ունենք այնպես անել, որպեսզի չկորչի մեր երեխաների տաղանդը։ Մոտ 30 երկրներում ներկայացրել ենք Հայաստանը, բարձրացրել ենք հայկական դրոշը Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Մալթայում, Դանիայում, ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, Տորոնտոյում և այլն։ Մեր այսօրվա աշխատանքի մեջ կարևոր եմ համարում այն փաստը, որ ուշադրությունը բևեռում ենք -յան ազգանուն, հայկական արմատներ ունեցող երեխաներին։ Նրանց հրավիրում ենք Հայաստան, որպեսզի իրենք էլ ավելի մոտիկից ճանաչեն Հայաստան աշխարհը»,- նշեց Մեքինյանը։
Նրա խոսքով՝ իրենք մեծ ուրախությամբ են սպասում տարբեր երկրներից ժամանած պատանի երաժիշտների ելույթներին։ Սիլվա Մեքինյանի պնդմամբ՝ վաղվա օրը հենց այդ պատանիներինն է և այսօրվա երեխան վաղվա ապագան է։
«Այսօր այստեղ մենք ունենք ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրիայից, Իրանից և Ռուսաստանից եկած պատանի տաղանդներ, ովքեր իրենց կատարումներով կգեղեցկացնեն մեր փառատոնը»,- նշեց «Նոր անուններ» ծրագրի ղեկավարը։
Փառատոնը տեղի ունեցավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ։