Ռոնալդու. «Ռեալի» լավագույն երկրորդ խաղակեսն էր ամբողջ մրցաշրջանում
СпортՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Անհավանական հրաշալի մրցաշրջան էր: Շատ ուրախ եմ, որ այն ավարտեցի Չեմպիոնների լիգայի գավաթով եւ ռեկորդով: Քանի դեռ կարող եմ, կխաղամ: Մենք անցկացրինք եւս մեկ ֆանտաստիկ մրցաշրջան: Հաղթեցինք Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում: Ունենք հրաշալի թիմ: Ինձ համար էլ լավ տարի էր: Ես լավ էի պատրաստվել մրցաշրջանի վճռական փուլին եւ խփեցի մի քանի կարեւոր գոլեր:
«Յուվենտուսը» գերազանց խաղաց առաջին խաղակեսում, բայց երկրորդում մենք ավելի լավ գործեցինք: Կարծում եմ՝ սա «Ռեալի» լավագույն երկրորդ խաղակեսն էր ամբողջ մրցաշրջանում:
Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ բարդ է, հատկապես, երբ մրցակիցդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բաց է թողել երեք գոլ:
Սա իմ կարիերայի լավագույն պահերից մեկն է: Երջանիկ եմ, որ ամեն տարի ունենում եմ այսպիսի պահեր»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Դուբլի հեղինակ դարձած պորտուգալացի ֆուտբոլիստը ճանաչվել է եզրափակիչի լավագույն խաղացող: Մրցանակը նրան է հանձնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, որի ղեկավարությամբ Ռոնալդուն 2008-ին առաջին անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
Պորտուգալացին 12 գոլով դարձավ Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 11 գոլ:
«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը:
«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:4
Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մարկո Ասենսիո, 90
Հեռացում՝ Խուան Կուադրադո, 84, երկրորդ դեղին քարտ
«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի (Կուադրադո, 66), Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ (Մարկիզիո, 70), Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա (Լեմինա, 78), Իգուաին:
«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս (Մորատա, 89), Իսկո (Ասենսիո, 82), Բենզեմա (Բեյլ, 77), Ռոնալդու: