Արթուր Պետրոսյան. Խաղը կարեւոր էր, տեսանք, թե մեր թիմն ինչ վիճակում է
СпортՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղային ասուլիսում ամփոփել է Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ ընկերական հանդիպումն ու 5:0 հաշվով հաղթանակը:
«Այս խաղը կարեւոր էր, տեսանք, թե մեր թիմն ինչ վիճակում է գտնվում: Տեսանք բոլորի պատրաստվածության մակարդակը: Կարծում եմ, որ Մոնտենեգրոյի դեմ խաղին թիմը պատրաստ կլինի:
Թեթեւ հարվածներ եղան, սակայն, զերծ մնացինք վնասվածքներից, եւ դա ամենակարեւորն է:
Մենք խաղաժամանակ տրամադրեցինք Օզբիլիսին` իմանալով, որ «Բեշիկթաշի» հիմնական թիմում նա խաղային պրակտիկա չունի: Առաջին խաղակեսն Արասը, իրոք, շատ լավ անցկացրեց, սակայն երկրորդում նույնը անել նրան թույլ չտվեց ֆիզիկական վիճակը:
Մարկոսի համար էլ կարեւոր էր խաղաժամանակ ստանալ: Նա մեծ շանսեր ունի հանդես գալու Մոնտենեգրոյի հետ խաղում:
Գոհ եմ Արտակ Եդիգարյանի եւ Գագիկ Դաղբաշյանի խաղից:
Այո, սպասում էինք, որ մեծ առավելությամբ ենք գործելու: Բայց ավելի լավ ստացվեց առաջին խաղակեսը: Երկրորդում մենք փոքր ինչ ավելի պասիվ էինք:
Շանսերը մեծ են, որ նորեկներից 1-2 խաղացող կլինի Մոնտենեգրոյի դեմ խաղի մեկնարկային կազմում:
Ուրախալի է, որ իրենց նորամուտը նշեցին նորեկներ, ուրախալի է նաեւ, որ գոլերով աչքի ընկան մեր հարձակվողները` Կորյանը եւ Սարկիսովը:
Շատ հնարավոր է, որ Մոնտենեգրոյի դեմ էլ հարձակողական կազմով գործենք: Պետք է ձգտենք հաղթանակի բոլոր խաղերում»,- ասաց Արթուր Պետրոսյանը:
Հայաստանի հավաքականը հունիսի 10-ին Պոդգորիցայում աշխարհհի առաջնության ընտրական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ, որը հունիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի թիմի հետ:
Ընկերական հանդիպում
Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս՝ 5:0
Ռուսլան Կորյան, 19, Հենրիխ Մխիթարյան, 30, 40, Արթուր Սարկիսով, 68, Արտակ Եդիգարյան, 89
Հայաստան. Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան (Լեւոն Հայրապետյան, 72), Տարոն Ոսկանյան (Արմեն Մանուչարյան, 69), Գաել Անդոնյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան (Տիգրան Բարսեղյան, 46), Արաս Օզբիլիս (Նարեկ Ասլանյան, 69), Էդգար Մանուչարյան (Հրայր Մկոյան, 59), Ռուսլան Կորյան (Արթուր Սարկիսով, 46):
Սամվել Սուքիասյան