10 տարի առաջ անպարկեշտ կդիտվեր, եթե կինը տաքսիով երթեւեկեր մենակ. ինչ կարծրատիպեր են գործում ՀՀ-ում. զեկույց
ОбществоՀայաստանի գյուղերում, տրանսպորտի հետ կապված խնդիրները խոչընդոտ են կանանց համար՝ եկամուտ ստեղծելու գործում. «քաղաքային թղթաբանությունը» կարծրատիպի ուժով ասոցացվում է «տղամարդու անելիքի» հետ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցում:
Ըստ այդմ, ինչպես բացահայտվել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) իրականացրած դաշտային հետազոտության ընթացքում, տեղաշարժի սահմանափակումները առավել հաճախ կապված են սոցիալական նորմերի հետ, քան ճանապարհների կամ տրանսպորտային ենթակառուցվածքների.
«Գավառում հարցվողները պարզաբանել են, որ մեկ տասնամյակ առաջ անպարկեշտ կդիտվեր, եթե կինը տաքսիով երթեւեկեր մենակ: Նրան պետք է ուղեկցեր որեւէ տղամարդ, այլապես այդ կինը համայնքի կողմից կենթարկվեր քննադատության: Այսօր այդ ընկալումները փոխվել են, սակայն պարզ չէ, թե արդյոք այդ փոփոխությունը կապված է հասարակության դիրքորոշման հետ, թե պարզապես անհրաժեշտությունից դրդված: Որոշ պատասխանողներ նշել են, որ կանայք չեն զբաղեցնում որոշակի նստատեղեր հասարակական տրանսպորտում (կամ միկրոավտոբուսներում). օրինակ այնպիսի տեղեր, որոնք մոտ են վարորդին (որը տղամարդ է) կամ այլ տղամարդկանց: Մարզերի երիտասարդների հետ ակտիվորեն աշխատող, Երեւանում տեղակայված մի ՀԿ նշել է, որ շրջաններում ապրող երիտասարդ կանանց բարդ է հրավիրել մասնակցելու մայրաքաղաքում անցկացվող սեմինարներին, քանի որ հաճախ ընտանիքները թույլ չեն տալիս գնալ քաղաք, եթե նրանց ազգական որեւէ տղամարդ չի ուղեկցում: Նույն վերաբերմունքը նաեւ խոչընդոտում է, որպեսզի երիտասարդ կանայք ուղեւորվեն մայրաքաղաք՝ սովորելու նպատակով»։
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ արտադրական ռեսուրսների սահմանափակ հասանելիությունը լուրջ խոչընդոտ է գյուղաբնակ կանանց համար` գյուղատնտեսական ձեռներեցությամբ կամ ֆերմերային տնտեսության կառավարմամբ զբաղվելու համար. «Օրինակ` գյուղաբնակ կանանց համար քիչ հասանելի է կամ հասանելի չէ գյուղատնտեսական տեխնիկան, ինչպիսիք են` տրակտորները, կոմբայնները եւ հնձիչ մեքենաները: Մեքենասարքավորումները կարծրատիպերի ուժով կապված են տղամարդու գենդերային դերերի հետ: Նույնիսկ տնային տնտեսությունների կին ղեկավարներն անձամբ չեն օգտագործում այս ռեսուրսները. նրանք դիմում են վարձակալության օգնությանը կամ խնդրում են բարեկամ տղամարդկանց օգնությունը:
Գյուղական բնակավայրերում ավտոմեքենաների ու գյուղտեխնիկայի ավելի քան 95 տոկոսի սեփականատերերը, ինչպես նաեւ մարզերում գյուղատնտեսական տեխնիկա վարողների 100 տոկոսը տղամարդիկ են: Ավտոմեքենաների կին սեփականատերերը եւ կին վարորդները հարաճուն ձեւով ավելանում են քաղաքային բնակավայրերում, հատկապես՝ Երեւանում, սակայն շարունակում են հազվադեպ հանդիպել գյուղական բնակավայրերում»: