Ծխելու դեմ պայքարի լավագույն մեթոդ է այն ամոթալի արարք համարելը. բ ժիշկ-ուրոլոգ
ОбществоԱյսօր Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Մեդ լայն ԲԿ փոխտնօրեն, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը, խոսելով ծխելու` տղամարդու սեռական առողջության վրա վնասակար ազդեցության մասին, ասաց. «Ծխելը վնասակար սովորություն է, որը բացարձակապես ոչ մի օգտակարություն չունի: Պետք է այնպես անել, որ ծխելու նկատմամբ մարդկանց վերաբերմունքը այնպես փոխվի, որ այն ամոթալի համարվի: Ծխելը, իրոք, վնասակար է, այն դառնում է պատճառ բազմաթիվ հիվանդությունների՝ սեռական առողջությունը վնասելուց մինչեւ քաղցկեղի առաջացում»:
Ուրոլոգը նշեց, որ տղամարդու դեպքում ծխելն առաջացնում է էրեկտիվ դիսֆունկցիա, սեռական անկարողություն, սեռական ֆունկցիայի նվազում: «Ինչպես նաեւ՝ բացասական է անդրադառնում ողջ միզասեռական համակարգի վրա»,- ասաց նա:
Բժիշկն ընդգծեց, որ Հայաստանում ծխելն առավել շատ ինքնահաստատման խնդիր է: «Հարցն այն է, որ ծխելն ուղղակիորեն տղամարդու առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում, ընդհուպ մինչեւ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ»,- ասաց նա՝ պատճառաբանելով. «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ են դիմում բժշկի՝ հետազոտման համար: Եվ դա մեծ բարդություններ է առաջացնում՝ կապված տղամարդկանց մոտ առաջացող սրտանոթային հիվանդությունների, ուրոլոգիական քաղցկեղների, թոքի քաղցկեղի բուժման հետ: Այն բազմակի վնաս է. ոչ միայն վտանգ է տղամարդու սեռական առողջության, այլ նաեւ նրա ամբողջ օրգանիզմի եւ կյանքի համար»,- ասաց նա:
Բժիշկ-ուրոլոգը շեշտեց, որ ծխելը թողնելը միայն կամային հատկություններ է պահանջում. «Ոչինչ չի օգնի ծխելը թողնել ցանկացող մարդուն, բացի իր՝ այլեւս ծխախոտի գլանակը չվերցնելու որոշումից»: