Մասիսում հիմնանորոգվեց քննչական բաժնի նոր վարչական շենքը
ОбществоՄասիս քաղաքում ամբողջովին հիմնանորոգվեց Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնի նոր վարչական շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 6-ին տեղի ունեցավ շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր և բացման ժապավենը հատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Քննչական կոմիտեի նախագահը ծանոթացավ շենքի պայմաններին, այնուհետև խրախուսեց Մասիս քննչական բաժնի աչքի ընկած քննիչներին:
Մասիսի ավագանու որոշմամբ քաղաքի քննչական բաժնին տարածք է հատկացվել քաղաքապետարանի շենքում: Այն ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովվել տեսաձայնային համակարգով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 14 սենյակ, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել քննչական գործողությունները, ապահովել իրեղեն ապացուցների պահպանումը:
«Քննիչի համար համապատասխան աշխատասենյակ ունենալը օրենքի պահանջ է, որտեղ նա պետք է կատարի օրենքով նախատեսված քննչական գործողություններ: Նա պետք է հետագայում կարողանա քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացուցները դարձնել անխոցելի»,- ընդգծեց Հովսեփյանը:
Քննչական կոմիտեի նախագահի խոսքով` քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարբեր մասերում ոստիկանության շենքերում գտնվող քննչական կառույցներին առանձին տարածքներ տրամադրելու ուղղությամբ:
«Քննիչները պետք է առանձին շենք ունենան, որպես առանձին պետական կառույց: Մենք բազմաթիվ տեղերում արդեն իսկ ստեղծել ենք համապատասխան շենքեր, բայց դեռ անելիքներ կան»,- եզրափակեց Հովսեփյանը :
2014 թվականի հոկտեմբերից ՀՀ քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում` տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ տարիների ընթացքում հիմնանորոգվել են Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզային քննչական վարչությունների,Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:
Վերանորոգման փուլում են Տավուշի, Արարատի մարզային վարչությունների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանակերտի քննչական վարչության բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի վարչական շենքերը: