Երևանում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը
КультураԱրամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
«Այս մրցույթը միշտ էլ շատ նշանակալից է, քանի որ անպայման ի հայտ են գալիս հիանալի տաղանդներ, երիտասարդներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են մի բանի, որը աշխարհում ամենալավն է՝ երաժշտությանը։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարի որոշվել է վոկալային մրցույթ անցկացնել»,- ընդգծեց Օրբելյանը։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի անվան այս մրցույթի շնորհիվ ամառային պայծառ օրերին հնարավոր է դառնում Երևանը ավելի գեղեցիկ ու շողշողացող դարձնել։
«Համոզված եմ, որ այն երիտասարդները, ովքեր մասնակցում են մրցույթին, երբևէ դառնալով աշխարհահռչակ՝ հպարտությամբ են հիշելու իրենց մասնակցությունը կամ հատկապես հաղթանակն այս փառատոնին»,- ասաց Ամիրյանն ու մասնակիցներին հաղթանակ և բարձր տրամադրություն մաղթեց։
Խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ և 3-րդ փուլ։
Մրցույթին մասնակցում է 43 երգիչ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա)։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։
Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։
Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը (Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո), Ջոն Ֆիշերը (դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ), Էդուարդ Թոփչյանը (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և այլք։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։