Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի օտարերկրացի հյուրերին տպավորել է հայկական երաժշտությունը
КультураԱրամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի ժյուրիի անդամ Ջոն Ֆիշերը հիացած է այն ներդրումով, որ Հայաստանի կառավարությունը կատարում է մշակույթի ոլորտում: Ֆիշերը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 2016 թվականին Կոնստանտին Օրբելյանի հրավերով, որպես փառատոնի հյուր: Այս տարի նա հրավիրվել է, որպես փառատոնի ժյուրիի անդամ:
«Շատ ուրախ եմ, որ նորից եմ հրավիրվել: Շատ տպավորված եմ Հայաստանով: Հիանում եմ հայ վոկալիստների տաղանդով, շատ ուրախ եմ, որ այս անգամ հենց վոկալիստների մրցույթ է, անցած անգամ դիրիժորների մրցույթ էր: Վստահ եմ՝ բարձր մակարդակի մասնագետներ են ելույթ ունենալու»,- ասաց նա:
Ջոն Ֆիշերը մեծ տպավորություն է ստացել նաև Հայաստանով, նրան հատկապես դուր է եկել հայ ժողովուրդը: Նրա խոսքով` Հայաստանն ունի շատ տաղանդավոր մարդիկ և շատ հզոր վոկալային դպրոցներ:
«Այս մրցույթը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս աշխարհին հասկանալու, թե ինչ մեծ դեր է խաղում Հայաստանը երաժշտական ոլորտում»,- հավելեց Ֆիշերը:
Մրցույթի պատվավոր հյուր Դայանա Զոլան նշեց, որ շատ ուրախ էր հրավերն ընդունել Կոնստանտին Օրբելյանի կողմից: Նրա խոսքով` շատ ուրախալի է, որ այս անգամ մրցույթն իր դռները բացել է հենց վոկալիստների առջև:
«Ճանապարհորդելու ընթացքում շատ եմ հանդիպել հայ երգիչների և շատ տպավորված եմ նրանց տաղանդով: Ուրախալի է, որ այս անգամ հայկական մշակութային երգերի կատարում է լինելու` Կոմիտաս, Առնո Բաբաջանյան և այլն: Ես փորձ ունեցել եմ աշխատելու հայ տաղանդների հետ: Մեծ տպավորություն եմ ստացել առաջին անգամ լսելով հայկական ժողովրդական երգերը: Տպավորված եմ Կոմիտասի կատարումներով, որոնց ծանոթացել եմ վերջին հինգ օրերի ընթացքում` կոնսերվատորիայում»,- ասաց Դայանա Զոլան: