Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին
ОбществоՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 8-ին Շիրակի մարզի համայնքապետերին, իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչներին և Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին, ով մինչ այս զբաղեցրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Մինչ նորանշանակ մարզպետին ներկայացնելը, Դավիթ Լոքյանը շնորահակալություն հայտնեց Հեվսեփ Սիմոնյանին կատարած աշխատանքի համար:
«Շիրակի մարզում մենք այս ընթացքում տեսել ենք համերաշխության, բարեկամության և աշխատանքային մթնոլորտ, ինչի շնորհիվ այս ընթացքում մարզում բավական լուրջ արդյունքներ ենք ունեցել: Ամենակարևորը, մարզը տեղափոխվել է մի դաշտ, որը հնարավորություն կտա տնտեսական ծրագրերը մեծ թափով իրականացնել՝ կապված աշխատատեղերի ստեղծման «Կումայրի» տարածքի և մասնավոր հատվածի զարգացման հետ»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Ներկայացնելով Արթուր Խաչատրյանին՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը վստահեցրեց՝ ինքն անձամբ դժվարությամբ է բաժանվում գիտակ փոխնախարարից, ով շատ գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչեց, սակայն հույս հայտնեց, որ Արթուր Խաչատրյանի փորձն ու կրթությունը թույլ կտան լուծելու հանրապետության ամենաղքատ ու խնդրաշատ մարզերից մեկի խնդիրները: Միայն անհրաժեշտ է մարզպետարան-համանքներ լավ համագործակցություն:
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Շիրակի մարզում գրանցենք լուրջ դրական տեղաշարժ տնտեսական տեսանկյունից. սա է մեր խնդիրը Շիրակի մարզում: Մենք պետք է շատ լուրջ ջանք գործադրենք, որ աղքատությունը Շիրակի մարզում կրճատենք»,-հավելեց Դավիթ Լոքյանը:
Հեվսեփ Սիմոնյանը հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտենց Շիրակի մարզի ազգաբնակչությանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնաքապետերին համատեղ աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում միշտ կլինի նորանշանակ մարզպետի կողքին:
«Մեծ պատասխանատվություն ու պարտականություն է, բայց գալիս եմ վճռականությամբ՝ իմ գիտելիքներն ու փորձն ի նպաստ դնելու մարզի զարգացմանը: Չեմ գալիս այստեղ որպես արտագնա աշխատանքի, այլ ընտանիքով՝ կնոջս ու երեխաներիս հետ:
Վստահ եմ, որ համատեղ միասին կկարողանաք իրավիճակը բարելավել, զարգացնել այն հաջողությունները, որոնք գրանցել է պարոն Հովսեփյանը»,- նշեց Արթուր Խաչատրյանը՝ կարևորելով մարզում աշխատատեղերի ստեղծման, տնտեսական զարգացման, ներդրողների, տեղական և մարզային արտադրողի խրախուսումը և օժանդակությունը: «Անտրամաբանական է, որ հայը փորձում է իր ճակատագիրը Հայաստանից դուրս տեսնել, տրամաբանական, որ հայը Հայաստանի մեջ տարբեր տեղեր տեղափոխվի՝ նպաստելով զարգացմանը: Ինձ համար տարբերություն չկա՝ Երևան, Գյումրի, Կապան, թե Ստեփանակերտ: Հուսամ՝ միասին կաշխատենք և կկարողանաք գրանցել հաջողություններ»,-նշեց Արթուր Խաչատրյանը: