Յովետիչ. Կարծում եմ՝ մենք հայերից ավելի լավն ենք, բայց դա պետք է խաղադաշտում ցույց տանք
Спорт«Սևիլիայի» և Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվող Ստեֆան Յովետիչը «vijesti.me»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի հավաքականի հետ անցկացնելիք խաղից ունեցած սպասելիքներով.
«Ես ազգային հավաքականիս հետ եմ և հիմա մտածում եմ միայն Հայաստանի հետ խաղի մասին:
Ո՛չ իմ ակումբային կարիերայի, ո՛չ էլ ապագայիս մասին: Մտածում եմ միայն վաղվա խաղում հաղթանակ տանելու մասին: Դրանից հետո արդեն կմտածեմ ապագայիս մասին»:
27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ սեփական հարկի տակ իրենք ամեն ինչ կանեն հաղթելու համար.
«Վերջին երկու խաղում չենք հաղթել, բայց, այնուամենայնիվ, տնային խաղերում մենք հաղթում ենք: Հարգում ենք Հայաստանին, բայց գիտենք, որ 3 միավոր վաստակելը շատ կարևոր է այս պահին: Հուսով եմ՝ վաղվա խաղում չի գրանցվի այն արդյունքը, ինչ՝ Երևանում:
Կարծում եմ՝ մենք ավելի լավն ենք, բայց դա պետք է ցույց տանք խաղադաշտում: Հավատում ենք մեր ուժերին, հավատում ենք, որ կարող ենք հաղթել»,- ասել է Յովետիչը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ նոյեմբերին Երևանում կայացած խաղում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի նկատմամբ:
Իսկ Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում Մոնտենեգրո-Հայաստան խաղը տեղի կունենա վաղը՝ հունիսի 10-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: