Նախարարի հանձնարարությամբ՝ «Զվարթնոցի» տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացվում
ОбществоՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:
Կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայմանագրային հիմունքներով գործում է տաքսի ծառայություն՝ գեղեցիկ, մաքուր, հարմարավետ մեքենաներով։ Մեծ ցուցանակներին այդ մեքենաներով Երևան և հանրապետության մի շարք մարզեր հասնելու սակագներն են։
Նախարարն ընդգծել է, որ պետք է այլընտրանք լինի, մի քանի ընկերություններ աշխատեն և բոլորի համար հավասար պայմաններ լինեն։
Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկել է օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։
Նախարարն ընդգծել է, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաև Երևանից օդանավակայան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։ Նա նախարարության տրանսպորտի վարչությանը և լիցենզավորմանը գործակալությանը հանձնարարել է այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։
ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները նախարարին տեղեկացրել են, որ առավոտից արդեն 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ։
Վահան Մարտիրոսյանը տեսչության պատասխանատուներին հանձնարարել է շուրջօրյա հսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։
Ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ կաշխատեն ուժեղացված ռեժիմով, աշխատանքներ կտանեն առանց համապատասխան փաստաթղթերի տաքսի ծառայություն մատուցող վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: