Ակցիզային հարկի մուտքերը ՀՀ պետբյուջե ավելացել են 18,3 տոկոսով
ЭкономикаՀՀ պետական բյուջեում 2017 թվականի հունվար-ապրիլին հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.4%-ն ապահովվել են ակցիզային հարկի հաշվին` կազմելով 19.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 11.1 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 8.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 18.3%-ով կամ 3 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ՀՀ-ում արտադրվող, և´ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերում՝ համապատասխանաբար 49.4%-ով (2.8 մլրդ դրամով) և 2.1%‑ով (232.5 մլն դրամով): Ներքին արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում ապահովվել է ծխախոտի արտադրանքից ստացված մուտքերի աճի և 2016 թվականի մայիսի 1‑ից սեղմված բնական գազը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառելու արդյունքում: Ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից ստացված ակցիզային հարկի աճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող բենզինից ստացված մուտքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 13.4%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 48.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 6.5%-ով կամ շուրջ 3 մլրդ դրամով: