«Հարթակ» փառատոնը Գյումրիում է մեկտեղել ճարտարապետական արվեստի սիրահարներին
ОбществоԳյումրիում մեկնարկեց «Հարթակ» փառատոնը: Երկօրյա փառատոնն անցկացվում է տարբեր բաժիններով քաղաքի տարբեր հատվածներում: «Հարթակ»-ը փորձի փոխանակման փառատոն է, որն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Հայաստանում և կրում է ամենամյա բնույթ:
Փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձը ներկայացնելու և ինքնաբացահայտման հնարավորություն կունենան վարպետության դասերի, գործնական սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով: Այս փառատոնը մի հարթակ է, որը կնպաստի ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց` շփման հնարավորությանը:
«Հարթակ» 2017-ի վարպետության դասերը ներառում են տարբեր բնագավառներ, իսկ դասընթացներ վարում են Գյումրիից, Հայաստանի մյուս քաղաքներից և արտերկրից ժամանած անհատները: Փառատոնի կազմակերպիչներն են Քրիստինա Հարությունովան, «ԷՕՆ» ակումբը և «Ավրորա Բարեալիս» մարքեթինգային և բրենդինգային ընկերությունը: Այս տարի «Հարթակ»-ի գլխավոր հովանավորն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն: Հովանավորների թվում են նաև «Հույս» Գյումրու Շենացման Ծրագիրը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը:
Փառատոնի գլխավոր թեմատիկ շեշտադրումը քաղաքային լանդշաֆտն ու ճարտարապետությունն է, որի գաղափարը հուշեց հենց ինքը՝ զարթոնք ապրող Գյումրին։ Գյումրիում երկրաշարժից հետո պահպանված սովետական ճարտարապետության բեկորների հարևանությամբ ըստ պահանջի գոյանում են շինություններ և տարածքներ, որոնք հաջող կամ անհաջող կերպով տեղավորվում են քաղաքի ժամանակատարածային քարտեզի վրա: Քննարկման շրջանակներում ներկայացվեց Գյումրիում հանրային տարածքների ներկայիս գործառույթները, խնդիրները և զարգացման ուղիները:
Մինչ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի էր ունենում այս քննարկումը, Ռիժկովի ճեմափողոցում ինքնատիպ ձեռագործ աշխատանքների, արծաթագործության, համեղ արևելյան աղանդների ցուցահանդես վաճառք էր: Տեղում ցանկացած այցելու կարող էր ոչ միայն գնել, այլ նաև սովորել ինչ-որ իր պատրաստել:
Իր գործունեության 2 տարիների ընթացքում փառատոնը մի գունեղ հարթակի շուրջ է համախմբել ամենատարբեր ստեղծագործ, նորարար և փորձառու մարդկանց` գրանցելով զգալի նվաճումները. 2,500 մասնակից, 130 վարպետության դասեր, 50 ԶԼՄ-ների կողմից լուսաբանում, 15 հովանավոր, 40 գործընկեր և 15 վայր` Երևանի տարբեր ծայրերում: Նախորդ երկու «Հարթակ» փառատոնները տեղի են ունեցել Երևանում 2015 և 2016 թվականներին: