Իգլա-ի գործով կալանավորվածը Սամվել Բաբայանի հետ խոսել է մեկ-երկու անգամ և հարցաքննվել գաղտնալսումների մասով. պաշտպան
ОбществоՄաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանը հեռախոսային գաղտնալսումների մասով հարցաքննվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը։
Հարցին, թե ինչ է ասել Սանասար Գաբրիելյանը հեռախոսային զրույցների մասին, արդյոք դրանք առնչվում են իրեն առաջադրված մեղադրանքին, պաշտպանն ասաց. «Իմ պաշտպանյալն ասել է, որ գաղտնալսված զրույցը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Հեռախոսային զրույցը վերաբերել է լրիվ այլ թեմայի։ Դրանք պարզապես ենթադրություններ են եղել։ Իմ պաշտպանյալը չհրաժարվեց հարցաքննվելուց, չնայած դրա իրավունքն ուներ, և հերքեց, որ այդ խոսակցությունները քրեական գործի հետ որևէ առնչություն չունեն»։ Հարցին, թե գաղտնալսված հեռախոսազրույցը գործով կալանավորված Սամվել Բաբայանի հետ է եղել, պաշտպանն ասաց. «Նաև Սամվել Բաբայանի։ Իմ պաշտպանյալը Սամվել Բաբայանի հետ մեկ-երկու անգամ է զրուցել և այլ թեմայով։ Այնպես չէ, որ պարբերաբար խոսել են իրար հետ»։
Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Իրենց առաջադրված մեղադրանքը նրանք չեն ընդունել: Կալանավորված երրորդ անձի ինքնությունը ԱԱԾ-ն չի բացահայտում: ՀՀ մեկ քաղաքացու էլ ձերբակալել էին Վրաստանում, ում սակայն դեռևս Հայաստանին չեն հանձնել:
Բեթղեհեմ Արաբյան