Ոչ ադեկվատի սահմանին
АналитикаArmenia24.info-ն գրում է.
Բոլորին է պարզ, որ հայերս գիտակ ենք ամեն ինչում։ Եթե ուշադիր լինեք, երբ փողոցում ինչ-որ մեկը գործ է անում, անպայման նրա շուրջ հավաքվում են մարդիկ։ Այդ մարդիկ պարզապես չեն հավաքվում։ Նրանք բարի կամքի դրսևորումով հանդիսանում են «փայլուն» խորհրդատուներ, անկախ այն հանգամանքից, այդ գործից որևէ բան հասկանում են, թե ոչ։
Այդպես եղավ նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին պարտությունից հետո։ Մի կողմ թողնենք երկրպագուների հայհոյական, հիասթափական կամ նմանաբովանդակ հայտարարությունները։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են այն կարծիքները, որոնք իրենց մեջ պարունակում էին «լուրջ» խրատներ ու տակտիկական «հանճարեղ մտահղացումներ»։
Այս վերջին կատեգորիան հատկապես, իր հարվածն ուղղեց Արթուր Պետրոսյանի դեմ։ Հիշեցնենք, որ երբ Պետրոսյանը դարձավ մարզիչ, Հայաստանը տոնեց երեք անընդմեջ հաղթանակ։ Արթուր Պետրոսյանը միակ մարզիչն է հավաքականում, ով հենց նորամուտում տոնում է երեք հաղթանակ։ Բայց կարևորը սա չէ։ Բավական էր մի անհաջողություն, որպեսզի Պետրոսյանը հայտնվեր քննադատների թիրախում։ Իսկ իրականում, այդ թիրախում պետք է լինեին հայկական ֆուտբոլի պատասխանատուները։
Ի՞նչ պետք է աներ Արթուր Պետրոսյանը։ Հեռավոր Շվեյցարիայից թիմ բերե՞ր իր հետ, թե չեղած առաջնությունից ընտրություն կատարեր։ Եկեք փաստերին նայենք իրականությունից բխող հայացքով։ Հայաստանի առաջնություն ունի ընդամենը վեց թիմ։ Եթե անգամ մենք ունենք որոշ լեգեոնականներ, որոնք խաղում են այլ առաջնություններում, ապա նրանց թիվը շատ քիչ է։ Հայրենիքի կարոտով տառապող սփյուռքահայերի խաղային որակների հաշվին հավաքական չեն պահում։ Իսկ Հայաստանի առաջնությունում, հիմնականումում տոն են տալիս սևամորթ ֆուտբոլիստները։ Մոտ ապագայում, այս տեմպերի շարունակման դեպքում նաև հեռավոր ապագայում, բարձրակարգ առաջնություններում խաղացող հայաստանցի ֆուտբոլիստ չենք ունենա։ Պատճառը շատ պարզ է, Հայաստանում ֆուտբոլ չկա։ Այն մահացել է։ Իսկ մահացել է, որովհետև ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս, օլիգոպոլիա է, դրանից բխող բացասական հետևանքներով։ Չկա մրցակցություն, կոնսեսուս, քննարկում։ Փոխարենը կա մեկ մարդու որոշում, որը մեծ մասամբ սխալ է լինում։
Ուստի, այս պարագայում, որպես կողքի հայացք, կարող ենք պնդել, որ Արթուր
Պետրոսյանն անում է իրենից կախված ամեն ինչ։ Ավելին, ելնելով ստեղծված իրավիճակից, չի կարող անել անգամ Հիսուս Քրիստոսը։ Իսկ եթե իրոք ֆուտբոլ ենք ուզում, ապա պետք է ազատել ոլորտը մոնոպոլիայից։ Այն պետք է ղեկավարեն իրական պրոֆեսիոնալները, այլ ոչ թե օլիգարխները։
Ատոմ Ոսկանյան