«Սայաթ-Նովա» փառատոնը կմիավորի հայ և վրացի երաժիշտներին
КультураԲանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի անունը կրող «Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 16-ին Թբիլիսիում և կեզրափակվի հունիսի 18-ին Երևանում: Փառատոնի մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:
«Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը հանրությանը ներկայացնելն ու այն պահպանելն է: Փառատոնի բացումը տեղի կունենա Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, և այն հնարավորություն կտա աշխուժացնել եկեղեցու առօրյան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Music of Armenia»-ի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը:
Նրա խոսքով` իրենք հայկական տարբեր երաժշտական անսամբլներից ընտրել են երաժիշտների, որոնք Վրաստանում տեղի մի քանի երաժիշտների հետ համատեղ կներկայացնեն ինչպես Սայաթ-Նովայի, այնպես էլ` այլ հայ աշուղների ստեղծագործություններ:
«Փորձում ենք բանակցել նաև Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որպեսզի հետագայում փառատոնն իրականացվի նաև Ջավախքում և Վրաստանի այլ քաղաքներում»,-շեշտեց Մովսիսյանը:
Հայաստանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Նինո Ապտիաուռին ընդգծեց, որ իր համար շատ ուրախալի է, որ կա նման փառատոն, որ այն կրում է մեծ աշուղի, բանաստեղծի անունը: Ըստ նրա` Սայաթ-Նովան հայ-վրացական միասնության խորհրդանիշն է և միջոցառումը կարող է էլ ավելի լավացնել երկու երկրների փոխհարաբերությունները:
Փառատոնին կմասնակցեն հայ և վրացի երաժիշտներ: Երևանում հունիսի 17-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում ելույթ կունենա «Ջնար» անսամբլը, հունիսի 18-ին «Մեգերյան Կարպետ»-ում համերգային ծրագրով հանդես կգա «Սայաթ-Նովա» անսամբլը:
Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ Music of Armenia-ի նախաձեռնությամբ: