Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարեւոր փուլում. Լեւոն Մկրտչյան
ОбществоNEWS.am-ը գրում է.
Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարեւոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձեւաչափը ժամանակին եւ ազգային ավանդույթներին համահունչ բովանդակային առաջընթացի եւ զարգացման անհրաժեշտություն ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, եւ կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության եւ գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարեւոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձեւաչափը ժամանակին եւ ազգային ավանդույթներին համահունչ բովանդակային առաջընթացի եւ զարգացման անհրաժեշտություն ունի:
Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի եւ դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման եւ հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային եւ ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը, միաժամանակ ընդգծելով նաեւ ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարեւորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:
Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալն իր հերթին շեշտելով, արդյունավետ քաղաքականության իրագործման եւ դրական արդյունքների ապահովման կարեւորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ համագործակցության շրջանակում տեխնիկական եւ աշխատանքային մի շարք հարցեր: