Հայաստանը տաջիկական կողմին շուրջ 12 մլն դոլարի առևտրաշրջանառություն ապահովող ոսկերչական ծրագիր է առաջարկել
ЭкономикаՀայաստանը ոսկերչության ոլորտում աֆինաժային գործընթաց սկսելու առաջարկ է արել տաջիկական կողմին: Հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` Տաջիկստանն ունի մեծ քանակությամբ ոսկու պաշարներ և աֆինաժային հնարավորություններ:
«Ոսկին նրանք հիմնականում պահեստավորում են: Մենք նրանց առաջարկում ենք, որ դրա որոշ մասը տոլինգով տրամադրեն մեզ` մենք այն վերամշակենք և ոսկերչական իրերի տեսքով ուղարկենք հետ: Դրա արդյունքում կշահեն երկու կողմն էլ:
Նրանք արտոնյալ պայմաններով կտրամադրեն մեզ, կպատրաստենք և ոչ շատ թանկ գնով կտանք այդ ապրանքները, ինչպես նաև դրա հետ մեկտեղ կսովորեցնենք տաջիկ վարպետներին հայկական ոսկերչական հմտությունները: Կստեղծենք ոսկերչության համատեղ ձեռնարկություններ և կփորձենք Տաջիկստանում զարգացնել ոսկերչության ոլորտը, քանի որ Հայաստանում այն զարգացած է»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ այս առաջարկը քննարկել են նաև հայ ոսկերչական ընկերությունների հետ:
Նախարարի խորհրդականի խոսքով` բոլոր այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն իրենց կողմից ներկայացված չափանիշներին և ցանկություն կունենան, կարող են ներգրավվել ծրագրում:
«Հույս ունենք, որ առնվազն 50 տոկոսով այս ծրագիրը կյանքի կկոչվի, եթե ոչ 95 կամ 100: Կարծում եմ՝ սրա շրջանակներում 10-12 մլն դոլարի առևտրաշրջանառություն կձևավորվի: Մոտ 10 մլն դոլարի ոսկու հումք կներմուծենք և 12 մլն դոլարի կարտահանենք»,- ասաց նա: