Հայաստանը եւ Էստոնիան առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ ունեն. Էդվարդ Նալբանդյան
ЭкономикаՀայաստանի եւ Էստոնիայի միջև առևտրաշրջանառության ցուցանիշը ցածր է, բայց մեծ ներուժ կա համատեղ ջանքերով այն մեծացնելու: Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում նման համոզմունք հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լավ հնարավորություն է ստեղծվել շարունակելու երկկողմ համագործակցության մասին քննարկումները: Էստոնիայի արտաքին գործերի նախարարի այցով լավ հնարավորություն է ստեղծվել վերանայելու երկու երկրների միջև եղած իրավապայմանագրային դաշտը: Այսօր ավելացրեցինք եւս մեկ պայմանագիր, որը 14-րդն է եւ վերաբերում է ռեադմիսիային: Նախապատրաստվում է եւս 7 փաստաթուղթ:
Անդրադարձանք նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին, առեւտրատնտեսական համագործակցությանը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարի կազմել էր 10 մլն, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, սակայն ներուժ կա այն ավելացնելու»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Սվեն Միկսերի հետ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայի հիմնախնդրի հետևանքով առաջացած փախստականների խնդրին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
Արտգործնախարարը կարեւորեց այն, որ այս տարի
Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Էստոնիան: Հարցի համատեքստում քննարկվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործընթացը:
«Բազմիցս ասել ենք, որ ավարտել ենք բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ եւ նախատեսում ենք այն ստորագրել նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում»,-եզրափակեց նա: