Արթուր Ոսկանյան. Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու
СпортՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ՀՖՖ կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ջիբրալթարի Մ-21 թիմի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում:
Պարոն Ոսկանյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ընտրական մրցաշարի առաջին խաղից։
Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին եւ ազատ գոտիներ չէին թողնում։ Ըստ այդմ, տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի եւ օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել եւ վստահ անցկացրեցին հանդիպումը։ Ինձ դուր եկավ, որ ամբողջ խաղի ընթացքում տղաները խաղացին անմնացորդ նվիրվածությամբ եւ կատարեցին իրեց աշխատանքը։ Իմ համար դա ամենկարեւորն է։ Իհարկե սխալներ եւ բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, եւ ժամանակի ընթացքում այդ ամենը կուղղենք։
Արդյո՞ք այն, ինչ պլանավորել էիք այս խաղի համար հաջողվեց իրագործել:
Պարզ է, որ ամեն ինչ չստացվեց, բայց կարեւորն այն է, որ տղաները շուտ հասկացան մեր պահանջները, այն խաղաոճը, որը մենք ընտրել էինք եւ աշխատեցին մինչեւ վերջ կատարել այն, ինչ ուզում էինք։
Առաջին հանդիպումը մրցաշարում, այն էլ հաղթանակը, միշտ էլ կարեւոր է։ Առջեւում հաջորդ խաղն է Ռուսաստանի հավաքականի հետ։ Ինչպե՞ս եք նախապատրաստվելու այդ խաղին։
Այդ խաղին դեռ երկար ժամանակ կա, եւ նախապատրաստական փուլը մեծապես կախված է տղաների մարզավիճակից, եւ այն հանգամանքից, թե որ թիմերում են խաղալու։ Բոլոր դեպքերում լրջորեն մոտենալու ենք այդ խաղին, քանի որ Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է եւ ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։
Նոր ֆուտբոլիստներ լինելու՞ են հավաքականում։
Այո։ Արտերկրում կան ֆուտբոլիստներ, որոնց արդեն այս հավաքի ժամանակ հրավիրել էինք թիմ, կան ֆուտբոլիստներ, որոնց հետեւում ենք, ինչպես նաեւ հրավիրվելու են Հայաստանի առաջնությունում հանդես եկաղ խաղացողներ։ Մենք ունենք մոտ 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետեւում ենք եւ բացառված չէ, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հաջորդ խաղին։