ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊԲՀ-ն քննարկել են բժշկագիտության ոլորտում համագործակցության առաջնահերթությունները
ОбществоՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը քննարկել են համագործակցության առաջնահերթությունները բժշկագիտության զարգացման գործում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Բժշկագիտության զարգացման համար մենք պետք է արձագանքենք համաշխարհային միտումներին և նոր գաղափարներ ու նորարարություններ բերենք այս ոլորտ: Մենք հույս ունենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ ծրագրերի շրջանակներում կպատրաստենք լավ մասնագետներ, որոնք կնպաստեն բժշկագիտության զարգացմանը»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության արդյունքում կստեղծվի այնպիսի գիտական պոտենցիալ, որը արժանապատվորեն կներկայացվի միջազգային բժշկագիտական հանրությանը: ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների և Երևանի պետական բժշկական համալսարանի գիտնականները քննարկման են ներկայացրել «Գլխուղեղը և դրա ախտաբանությունը», «Բորբոքման դերը քաղցկեղի զարգացման գործում», «Շրջակա միջավայրը և բնակչության առողջությունը» թեմաներով զեկուցումներ: