Արսեն Ղազարյանն արդյունավետ է գնահատում վարչապետի և նրա թիմի իննամսյա գործունեությունը
ЭкономикаՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա թիմը կառավարությունում աշխատանքային գործունեության 9 ամիսների ընթացքում տնտեսական օրենսդրությունում մի քանի բարեփոխումներ են իրականացրել և աշխատում են արդյունավետ:
Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա որպես տնտեսական բարեփոխում մատնանշեց նեդրումային հիմնադրամի ստեղծումը, որի արդյունքում ձևավորվել են սփյուռքի կողմից մինչև տարեվերջ իրականացվող ներդրումների ակնկալիքները:
«Արմատապես փոխվեց, նոր տեսք ու գործառույթներ ստացավ նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը: Վարչապետն ու նրա թիմն արդյունավետ աշխատում են: Դրա արդյունքում` վերջին երկու ամիսներին մեր տնտեսական ակտիվությունը բավականին բարձրացել է»,- ասաց Ղազարյանը` հույս հայտնելով, որ այս մեկնարկային տարին արդյունքներ կտա տարվա վերջին և 2018 թվականին կունենանք նորմալ տնտեսական զարգացումների հեռանկար ունեցող ծրագրեր: