Կառավարությունը պատրաստ է համագործակցել Տաջիկստանից ներդրողների հետ. Վաչե Գաբրիելյան
ЭкономикаՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել տաջիկ ներդրողների հետ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին:
Այս մասին հունիսի 14-ին հայ-տաջիկական գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա առանձնացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները: Գաբրիելյանի խոսքով` Հայաստանն ու Տաջիկստանը լավ հնարավորություններ ունեն համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, ոսկերչության, գյուղատնտեսական, ինչպես նաեւ տնտեսության այլ ճյուղերում:
«Հայաստանում գործում է մասնավոր ներդրումների պաշտպանության զարգացած օրենսդրություն: Մենք կարևորում ենք երկկողմ համագործակցությունը: ՀՀ կառավարությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի»,-նշեց ՀՀ փոխվարչապետը` հույս հայտնելով, որ շատ ներդրողներ համաժողովի միջոցով կկարողանան բացահայտել Հայաստանը տնտեսական համագործակցության ներուժի առումով։
Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդայի խոսքով` գործարար համաժողովը լավ հնարավորություն է երկու երկրների ունեցած մեծ ներուժը զարգացնելու համար: Նրա խոսքով` երկու երկրների նախագահների կապերը կարող են տնտեսական համագործակցության դրական տեղաշարժի առիթ դառնալ:
«Մենք հետաքրքրված ենք երկու երկրների միջև կապերի զարգացմամբ: Մեծ հնարավորություններ ունենք համատեղ արտադրության ստեղծման, որակյալ ապրանքների արտադրության, ինչպես նաև դրանք եվրոպական և ասիական երկրների շուկաներ արտահանելու համար: Անկասկած Հայաստանը համարվում է Տաջիկստանի հուսալի գործընկերը, և մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել երկու երկրների հետագա համագործակցության խորացման ուղղությամբ», - ընդգծեց նա: