Նախատեսվում է Հայաստանում արկածային տուրիզմը ներկայացնող վեբ պորտալ ստեղծել
Общество«Հայկական արկածային տուրիզմի ասոցացիան» նախատեսում է ստեղծել վեբ պորտալ, որ կներկայացնի Հայաստանում արկածային տուրիզմի 8 տեսակների վերաբերյալ տեղեկատվություն: Օտարերկրացի զբոսաշրջիկներին Հայաստանը հետաքրքիր դարձնելուն ուղղված այլ քայլեր ևս իրականացվում են:
Այս մասին հունիսի 14-ին կայացած ասուլիսին ասաց ասոցացիայի նախագահ Վլադիմիր Գասպարյանը:
«Վեբ պորտալն ուղղված է լինելու զբոսաշրջիկներին: Այն կգովազդի ոչ թե որևէ տուրիստական կազմակերպություն, այլ երկիրը: Օտարերկրացի զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնելու նպատակով ասոցացիան երկու ամիս առաջ մասնակցեց եվրոպական խոշորագույն տուրիստական ցուցահանդեսին, որի արդյունքում Գերմանիայի կողմից եղան արձագանքներ»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Նա հորդորեց նաև ուշադրություն դարձնել Հայաստանի՝ համացանցում որպես տուրիստական երկիր ներկայացված լինելուն, քանի որ էկոտուրիզմի զարգացման առաջին խնդիրներից մեկը ներկայացվածությունն է: «Մեկ այլ խնդիր է Հայաստանում մասնագետների միասնական չլինելը: Շուկան պարտադրում է միավորվել և միասնական մի նախագիծ ստեղծել, որն ուղղված կլինի երկու նպատակի՝ Հայաստանում մատուցվող ծառայությունների որակի և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում կա արկածային տուրիզմի 8 տեսակ՝ քայլարշավների երկու տեսակները, պարապլանային սպորտ, լեռնային հեծանիվներ, ձիարշավային տուրիզմը, արտաճանապարհային տուրերը, ձմեռային տեսակները: Հատկապես լեռնադահուկային տուրիզմի տեսանկյունից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ամեն տարի մեծանում է:
«Հայ լեռնագնացների ընկերակցություն-Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Գասպարյանն էկոտուրիզմի զարգացման խոչընդոտ է համարում հանքարդյունաբերությունը: Իսկ «Հայ լեռնագնացների ընկերակցություն-Լոս Անջելես»-ի ներկայացուցիչը կարևորում է զուգարանների խնդիրը: «Էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են զուգարաններ: Եթե այդ հարցը լուծվի Հայաստանում և Արցախում էկոտուրիզմը լայնորեն կզարգանա»,-ասաց նա: