Կբարելավվի Սյունիքի գյուղական համայնքների ջրամատակարարումը
Համայնքների ջրամատակարարման ոլորտում ծրագրեր իրականացնող «Ամերիկահայ ճարտարապետներ և ճարտարագետներ» բարեգործական միությունը հետաքրքրված է Սյունիքի մարզի Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, Ագարակ գյուղերով և առաջիկայում նախատեսում է ուսումնասիրել այդ համայնքների ջրամատակարարման կարգավորման աշխատանքների համար պահանջվող ֆինանսական ծախսերը:
Կազմակերպության ներկայացուցիչները' ջրամատակարարման ոլորտում ճարտարագիտախորհրդատվական գործունեություն ծավալող «Ջինջ» ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանն ու ինժեներ Ահարոն Դավթյանը՝ հանդիպելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ներկայացրել են իրենց ծրագրերը: Մարզպետը ոչ միայն պատրաստակամություն է հայտնել աջակցել իրականացվելիք աշխատանքներին, այլև առաջարկել է նշված համայնքների թվում ավելացնել Ճակատենը ևս, որտեղ ջուրը ակունքից գյուղ հասցնելու համար 8կմ երկարության ջրագիծ անցկացնելու խնդիր կա:
Հանդիպման ժամանակ մարզպետը ներկայացրել է նաեւ Սյունիքում բիզնես ներդրումների հնարավորությունները աղբահանության, աղբի վերամշակման, կեղտաջրերի մաքրման ոլորտներում:
Գոհար Իսախանյան