Հայ-վրացական տնտեսական շփումները պետք է դառնան ամենօրյա. Վաչե Տերտերյան
ЭкономикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը համոզված է, որ Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) ծրագիրը հաջող շարունակություն կունենա: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով այն դրական տեղաշարժը, որ արձանագրվել է Հայաստան-Վրաստան սահմանային համայնքներում իրականացվող ծրագրերի շնորհիվ:
«Մենք ենթադրում ենք, որ ծրագիրը շարունակություն կունենա երկու պատճառով. նախ, որ ծրագրերն իրենց մեջ ունեն շարունակականության էլեմենտ, բայց, այս պարագայում, մենք ոչ միայն պետք է դիտենք այդ տեղային սահմանումով, այլ նաև պետք է փորձենք այդ փորձը տարածել ավելի շատ տարածքներում և եկամտաբեր գործունեություն ծավալել:
Ավելի ոգևորված ենք, քանի որ այս ծրագրերում ավելի շատ ներգրավված են երիտասարդները, ինչը ապագայի հանդեպ լավատեսության մեծ հույս է տալիս»,- նշեց Վաչե Տերտերյանը՝ փաստելով, որ երկու երկրների կառավարությունների համապատասխան ստորաբաժանումները դիմելու են Եվրամիությանը, որպեսզի նման ծրագրերը, որոնք բազմամշակութային, հարևանության, շփման և զարգացման մեծ հնարավորություններ ունեն, շարունակվեն:
«Ոչ վաղ անցյալում հայ-վրացական նման շփումներն այնքան նորմալ էին, որ չէինք նկատում, իսկ հիմա նույնիսկ մանր բաները ուրախացնում են: Մենք պետք է գանք այն վիճակին, որ մշակութային և տնտեսական շփումները դառնան ամենօրյա»,-նշեց Վաչե Տերտերյանը:
Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության Տարածքային համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակականությունը նաև Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան է ակնկալում:
«Ծրագրերում ներառված համայնքներն արդեն տեսնում են դրանց, չնայած փոքր, բայց տեսանելի ու շոշափելի արդյունքները. սահմանի երկու կողմերում ստեղծվել են կենցաղային թափոնների կառավարման համակարգեր, մշակած է զբոսաշրջային երթուղիներ, առևտրային նոր գործընկերներ և այլն: Շահառու կազմակերպությունները ձեռք բերեցին նաև անգնահատելի փորձ:
Դրանց գումարվում է նաև համայնքների բարեկեցությունը: Ծրագիրն ապացուցեց, որ սերտ համագործակցությունը և հաստատված մտերիմ հարաբերությունները այն ուղին է, որ տանում է ընդհանուր խնդիրների լուծմանը և փոխշահավետ ձեռքբերումների արձանագրմանը: Այս փոքր ծրագրերի հաջողությունը մեզ մղում է առավել մեծ գործերի»,-ասուլիսի ժամանակ նշեց Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան: