«Տուր ձեռքդ, պստլո» վեպն ընթերցողին կտանի Գուրգեն Խանջյանի մանկություն, պատանեկություն և ներկա
КультураԱրձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 17-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում: Գիրքը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:
«Գուրգեն Խանջյանը ստեղծագործական լուրջ ճանապարհ է անցել, և նրա գրական ձեռագիրը ճանաչելի է բոլորիս: Գրական փորձառության տեսանկյունից հետաքրքիր է, թե ի՞նչ նորություն է նա մեզ ասելու: Իմ համոզմամբ, գրականությունը ստույգ արտացոլում է իրականության պատկերը և ունի գաղտնագրեր, որոնց միջոցով հնարավոր է գուշակել ապագան. ցանկանում էի իմանալ, թե Խանջյանն իր վեպերի միջոցով ի՞նչ է կանխագուշակում երկրի, պետության վերաբերյալ: Այս գրքում նախկինում կոսմոպոլիտ Խանջյանը դարձ է կատարում դեպի հայրենիք ու բարձրաձայնում երկրի, պետականություն հետ կապված իր մտահոգությունները», - Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նա հավելեց, որ վեպում շատ են կարոտային տրամադրությունները՝ կապված Երևանի, շենքերի, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք անհետանում են:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանի խոսքով` Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո»-ն համաշխարհային վեպ է, որն ամփոփում է հեղինակի անցած ուղին` անդրադառնալով մահվան, ազատության, ժամանակի թեմաներին:
Շնորհանդեսին ներկա էին ինչպես հեղինակի ընկերները, հասակակից գրողները, ստեղծագործողները, այնպես էլ` երիտասարդ գրողներ, որոնց կյանքում Գուրգեն Խանջյանը մեծ դեր է կատարել ոչ միայն որպես գրող, այլև որպես մարդ, խմբագիր, որը հավատացել է նրանց ուժերին` «Գրեթերթ» երիտասարդական թերթում տպագրելով նրանց գործերը:
Նրանցից մեկը` երիտասարդ և խոստումնալից գրող Գրիգը, կարծում է, որ Գուրգեն Խանջյանի ամբողջ գրականությունն ասես մի ստեղծագործություն լինի, և վեպերը, փոխլրացնելով, շարունակելով միմյանց, ամփոփում են Խանջյանի ողջ գրականությունը:
«Հեղինակի գրքերում կան որոշակի կետեր, որոնք հստակ ընդգծված են հաջորդ գործերում: Այստեղ կա գրողի դիտավորությունը կապ ստեղծել, ցույց տալ ընթերցողին, որ ինքը հերոսին նախորդ գրքերում էլ է հանդիպել»,-ասաց Գրիգը:
Գրքի հեղինակ Գուրգեն Խանջյանը նշեց, որ վեպը և’ կենսափորձի, և’ գրական ստեղծագործական տեխնիկայի մի մեծ փուլի ամփոփում է: Նա ընդգծեց, որ եթե նորից գրի, հավանաբար կխոսի նույն թեմաների մասին, բայց այլ կերպ:
«Վեպն ինչ-որ չափով ինքնակենսագրական է: Ընթերցողը հերոսի հետ կգնա նրա մանկություն, պատանեկություն և հերոսի աչքերով կտեսնի տարբեր երևույթները»,-ասաց հեղինակը: Նա հավելեց, որ գիրքը գրել է երեք տարում և գրելիս հաճախ է խեղդվել կարոտախտի զգացումից: «Վեպն օվկիանոս է, որի մեջ մտնելով` չես կարող հստակ ասել, թե որ ափ ես դուրս գալու»,-եզրափակեց նա:
«Տուր ձեռքդ, պստլո» վեպը հնարավոր է գտնել Երևանի տարբեր գրախանութներում: