Հայկական կողմի հարվածը չուշացավ
АналитикаLraber.info-ը գրում է.
Երեկ հայտնի դարձավ, որ Հայկական զինուժը թիրախային պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել արևելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը: Վերջինս էլ եղել է հունիսի 17-ին ու 18-ին շփման գծի արևելյան ուղղությամբ սադրանքների հիմնական կազմակերպիչը, ինչի արդյունքում հայկական կողմը զոհեր էր ունեցել:
Ադրբեջանական կողմին հասված թիրախային պատասխանը մի քանի նշանակություն ունի:
Նախ, զինված ուժերը Հայաստանի այն քիչ պետական ինստիտուտներից է, որի հանդեպ սոցիալական վստահությունը, եթե ոչ ամբողջովին, գոնե մեծամասամբ պահպանվում է: Բացի այդ, բանակը միակ ինստիտուտն է, որ ընդգրկում է հասարակության մի ստվար հատվածի, անմիջականորեն մտնում նրանց կյանք, դառնում հազարավոր ընտանիքների առօրյան: Ու այս իմաստով զինված ուժերի հանդեպ ուշադրությունը մեծ է ու ցանկացած կորստի դեպքում հայաստանյան հասարակությունը ենթադրում է պատասխան հարված հակառակորդին:
Երկրորդ ՝ ապրիլյան դեպքերից, ինչպես նաև ապրիլից մինչև հուլիս տեղի ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական իրաարձությունների հորձանուտում Հայաստանում հայտնվել են մարդիկ, ովքեր առաջին հայացքից արդարացիորեն հղում անելով բանակում կոռուպցիայի, առանձին օդիոզ զինվորականների վրա, փորձում են թուլացնել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Իհարկե, բանակում կոռուպցիա կա, կան բանակի հաշվին հարստացած ոչ միայն խոշոր, այլև բազմաթիվ մանր զինվորականներ, ու մեծ հաշվով, փոփոխությունները զինված ուժերում ընթանում են բավական դանդաղ: Բայց սա քննադատների մտահոգության առարկան չէ, այլ տեղեկատվական առիթ բանակ երևույթն ընդհանրապես արժեզրկելու: Այս իմաստով, հայկական զինված ուժերը ստիպված են ավելի հաշվետու լինել հասարակությանը, հնարավորի սահմաններում բացել ինչպես առանձին, հատկապես պատասխան գործողությունների որոշ մանրամասներ, այլև տեղեկատվական դաշտում էլ փորձեն թափանցիկ ու ազնիվ լինել հասարակության հետ: Սա իհարկե չի նշանակում, թե բանակը պետք է գերի դառնա ֆեյսբուքյան հայրենասերների խմբի հիվանդ երևակայությանը:
Երրորդ ՝ թիրախային հարվածը ունի շատ կարևոր առավելություն: Հայկական կողմը սրանով վրեժխնդիր է լինում շատ կոնկրետ, սառնասիրտ հաշվարկնեերի ու ինֆորմացիայի վրա հենվելով ու վրեժխնդիր է լինում սադրանքի կոնկրետ կազմկաերպչական օղակից: Սա բացի հայկական բանակի սառնասիրտ մոտեցումն ու հետախուզական խողովակների արդյունավետությունը, նաև կարևոր խաղաթուղթ է ղարաբաղյան կոնֆլիկտի միջազգային քննարկումներում: Այսինքն, մի բան է ընդհանրացված ղարաբաղյան կոնֆլիկտը, դրան դրվող ընդհանրական ու ոչինչ չասող գնահատականները եվրոպական կառույցների կողմից, մեկ այլ բան է կոնկրետ սադրանքն ու այդ սադրանքի կոնկրետ, հստակ հասցեատեր ունեցող պատասխանը: Սա նաև ուղղված է կոֆլիկտի հետաքննությամբ հետաքրքրված կառույցներին, որ հայաստանյան կողմը պատրաստ է նաև կոնկրետ անուններով ու թվերով խոսել սահմանային խախտումների մասին:
Հ.Գ. Սառնասիրտ ու թիրախային պատժիչ գործողությունները հենց այն նուրբ թելն են, որ անցնում են բանակի, համակարգված ռազմական մտածողության ու ֆիդայական մտածողության միջև: Առաջինում կարևոր են կոնկրետ արդյունքները, երկրորդում ՝ էմոցիաներն ու հույզերը առաջնային են, արդյունքները ՝ ստորադաս:
Արտակ Ասլանյան