Պատգամավորն էական է համարում հայաստանյան զբոսաշրջության փաթեթավորումը վրացական տուրիստական պրոդուկտի հետ
ЭкономикаԽոսրով Հարությունյանը շատ էական է համարում հայաստանյան զբոսաշրջության փաթեթավորումը վրացական տուրիստական պրոդուկտի հետ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ զբոսաշրջիկները կարող են գալ ոչ միայն Հայաստան, կամ Վրաստան, այլ շրջագայեն երկու երկրներով միասին:
«Դա անհամեմատ ավելի շահեկան կլինի: Այստեղ նույնպես աշխատանքներ ունենք անելու: Սա նաև բխում է Վրաստանի շահերից: Այն կարող է հանգեցնել երկաթգծի, ավտոճանապարհների արդիականացման խնդիրներին»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ այս խնդիրները հաստատված են կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում:
Պատգամավորը նկատեց, որ ներկայումս որոշակի զբոսաշրջային ակտիվություն կա Հայաստանում, ինչը նրա արդյունք է, որ կառավարությանը հաջողվում է տարբեր հարթակներում մեր երկիրը ներկայացնել որպես զբոսաշրջության համար գրավիչ վայր: Անդրադառնալով կառավարության ծրագրած առնվազն 3 մլն զբոսաշրջիկների ներհոսքին դեպի Հայաստան՝ տնտեսագետը նշեց, որ աշխարհում 4 մլրդ մարդ տեղաշարժվում է, զբոսաշրջային ուղևորությունների մեջ է, իսկ կառավարության խնդիրն է այդ թվի մոտ 0.001 տոկոսը բերել մեր երկիր, ինչն ըստ Հարությունյանի, միանգամայն իրատեսական է:
«Սակայն, եթե սկզբնական փուլում զբոսաշրջիկները գալիս են ծանոթանալու Հայաստանին, ապա մեզ համար կարևոր է, որ տեսնելուց հետո իրենց հետ տանեն լավագույն տպավորությունները, իսկ դրանք պայմանավորված են ոչ միայն պատմամշակութային հուշարձաններով, լանդշաֆտով, այլ նաև ենթակառուցվածքային բարեկարգումներով և սպասարկման մշակույթով: Մեր քաղաքացիներն օտարերկրյա զբոսաշրջիկների հետ աշխատելու փորձ չունեն: Սա անչափ կարևոր է: Մենք պետք է զարգացնենք այս հատկությունները:
Կարծում եմ՝ 3 մլն զբոսաշրջիկը 2022 թվականի հորիզոնում միանգամայն իրատեսական է»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը: