Ստոկհոլմում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսը
КультураՍտոկհոլմում հունիսի 20-ին եւ 21-ին տեղի ունեցան Հայաստանի և Շվեդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25- ամյակին նվիրված միջոցառումներ։ Ստոկհոլմի հռչակավոր Վասա թատրոնում, որը երկարամյա վերանորոգումից հետո նոր է բացել դռները հանդիսատեսի առջեւ, կայացավ «Forceful feelings» հայկական բալետային համույթի ներկայացումը Ստոկհոլմի թագավորական բալետի, Բավարիայի և Բեռլինի պետական բալետների հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ։ Կատարվեցին շվեդ, հայ և համաշխարհային այլ նշանավոր խորեոգրաֆներ Մաթս Էկի, Նաչո Դուատոյի, Արսեն Մեհրաբյանի, Յիրի Բուբենիչեկի, Դասթին Քլայնի, Յոհան Ինյերի եւ այլոց ստեղծած բալետային համարները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկայացումից առաջ հայ-շվեդական պատմական առնչությունների եւ քառորդդարյա միջպետական հարաբերությունների վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրեց հայ-շվեդական քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, կրթամշակութային փոխանակումների առաջընթացը դիվանագիտական հարաբերությունների կնքումից ի վեր։ Շվեդական կողմից ելույթ ունեցավ Թագավորական արքունիքի գլխավոր արարողապետ, Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Յոհան Մոլանդերը, որն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմական անցյալին, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, վստահություն հայտնեց, որ դրա էլ ավելի զարգացմանը խորապես նպաստի Հայաստանի և Եվրամիության միջեւ Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և իրագործումը։ Հանդիսավոր արարողությանը եւ բալետային ներկայացմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ դեսպաններ, բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:
Թատրոնի նախասրահում հյուրերը կարող էին ծանոթանալ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի մի շարք լուսանկարների։ Հունիսի 21-ին Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» շարքի ամբողջական ցուցադրությունը եւ հանդիպում նկարչի հետ։ Ցուցահանդեսի բացմանը դեսպան Ապիտոնյանը ներկայացրեց լուսանկարչին, նրա անհատականացված մոտեցումները նույնիսկ խիստ արարողակարգային իրավիճակներում։ Այնուհետեւ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց որոշ լուսանկարների ստեղծման պատմությունները, պատասխանեց ներկաների հարցերին։