«Գողթ» խումբը մենահամերգով հանդես կգա Երևանում
КультураՀայկական ժողովրդական երաժշտություն ներկայացնող «Գողթ» խումբը հունիսի 22-ին «Ուլիխանյան» ակումբում երկրպագուներին կուրախացնի համերգային ծրագրով: Ծրագրում կհնչեն «Թամզարա», «Իշխանապար», «Տոն», «Առավոտ» և այլ ստեղծագործություններ:
«Մեր խմբի նպատակը հայկական ազգային գործիքները, ժողովրդական երաժշտությունը երիտասարդացնելն ու այն նոր մոտեցմամբ, հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով հանրությանը ներկայացնելն է: Ցանկանում ենք, որ ջահելները ընկալեն ու սիրեն մերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի երաժիշտ Հայկ Կարապետյանը:
«Գողթ»-ը կազմված է հինգ երաժիշտներից` Հայկ Կարապետյան` ազգային փողային գործիքներ, Զարեհ Գալստյան` թառ, Արման Պեշտմալջյան` ստեղնաշարային գործիքներ, Նարեկ Գասպարյան` թավջութակ, Ստեփան Տեր-Ղևոնդյան` հարվածային գործիքներ:
Հայկի խոսքով` խմբի հիմնադրման գործում իրենցից յուրաքանչյուրը մեծ դեր է խաղացել, քանի որ համատեղ հանդես գալու և որակյալ երաժշտություն ներկայացնելու ցանկությունը չափազանց մեծ էր: Նա հավելեց, որ խմբի համար ընտրվել է «Գողթ» անունը, որովհետև Գողթան գավառում ժամանակին շատ էին երաժիշտները, ստեղծագործող անհատները:
«Մեկից ավելի տարի է խումբը գործում է և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել ենք տեսահոլովակներ նկարահանել, համերգներով հանդես գալ ինչպես Հայաստանում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս` Գերմանիայում, Թուրքիայում»,-ասաց նա:
«Գողթ»-ը այժմ զբաղված է սկավառակի ձայնագրման աշխատանքներով, որը երկրպագուների դատին կհանձնվի սեպտեմբերին: Այն ներառելու է 13-ից 15 ստեղծագործություն: Խումբը տարվա ընթացքում համերգներով ելույթ կունենա Չինաստանում, Կորեայում, Բուլղարիայում:
«Պետք է ընդգծեմ, որ մեր ներկայացրած երաժշտությունը պահանջարկ ունի նաև արտերկրում: Օտարազգիներին շատ են հետաքրքրում հայկական մեղեդիները, որոնք իրենց համար յուրահատուկ հնչողություն ունեն»,-նշեց երաժիշտը և շեշտեց, որ սիրով սպասելու են հայաստանցի երաժշտասերներին երեկոյան կայանալիք համերգին: