Հայաստանը մամուլի ազատության հարցով տարածաշրջանում առաջատարն է, իսկ Ադրբեջանը զիջում է անգամ Գամբիային
«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ԶԼՄ-ների ազատության մակարդակն անդրադարձնող ինդեքսը, ըստ որի՝ Հայաստանը մամուլի ազատության հարցով առաջատարն է տարածաշրջանում: Թեպետ այս տարի մեր երկիրը նահանջել է 4 հորիզոնականով և զբաղեցրել է 78-րդ հորի զոնականը, այդուհանդերձ նա առաջ է հարևան Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից և Թուրքիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինդեքսում նշվում է, որ 2013 թվականի ընտրությունները Հայաստանում համեմատաբար ավելի հանդարտ են անցել, իսկ բռնությունները լրագրողների նկատմամբ շատ հազվադեպ են գրանցվել:
Հարևան Վրաստանը զբաղեցրել է 84-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 154-րդ, Իրանը՝ 173-րդ, իսկ Ռուսաստանը՝ 148-րդ: Ադրբեջանը զիջում է անգամ աֆրիկյան Գամբիային: Այն 4 կետով իջել է և հայտնվել 160-րդ տեղում՝ ավելի վատթարացնելով իր դրությունը:
Ադրբեջանը հայտնվել այնպիսի հետամնաց երկրներից էլ հետ, ինչպիսիք են Գամբիան, Սվազիլենդը, Պակիստանը, Եգիպտոսը, Բիրման, Եթովպիան, Կամբոջան, Չադը, Անգոլան, Գվատեմալան, Ուգանդան, Մոնղոլիան և ուրիշներ: Մամուլի ազատության ինդեքսով ամենից վատ վիճակը տիրում է Ուզբեկստանում (166-րդ տեղ) և Թուրքմենստանում (178-րդ տեղ):