«Արցախի ձայներ» երգչախումբը ջերմ ընդունելության է արժանացել Գերմանիայում
КультураԳերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ հունիսի 22-ից 26-ը Գերմանիայի Քիլ, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրով հանդես է եկել «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Քիլում բացման խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Քյոլնում` Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկպայը:
Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը, մասնավորապես, նշեց, որ այս համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:
«Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացավ գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին»: