Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար
ЭкономикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 26-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Վ. Տերտերյանն այցելել է խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներ, հանդիպել համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի և բնակավայրերի վարչական ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակ Վ. Տերտերյանը ներկայացրել է ՏԻ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացի անցումային փուլի առանձնահատկությունները, հաջորդող փուլի առաջնայնություններն ու հիմնահարցերը և դրանց աստիճանական լուծմանը միտված քայլերը:
Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ համայնքների խոշորացման արդյունքնում ոչ մի բնակավայրում որևէ խնդիր չի ավելացել, որևէ ծրագիր անավարտ չի մնացել: Ավելին՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորման գումարների ապահովման հնարավորությունները մեծացել են:
Մասնավորապես, «Գումարված ջանքեր, բազմապատկված արդյունքներ» ծրագրով Վայք համայնքը ձեռք է բերել երկու միկրոավտոբուս, որոնցով բնակավայրերի երեխաներին տեղափոխել են Վայք, ապահովելով այդ երեխաների մասնակցությունը քաղաքում գործող մարզական և մշակութային խմբակներին: Բացի սոցիալական բաղադրիչից, ծրագրում ներառված գյուղատնտեսության աջակցման բաղադրիչով ձեռք է բերվել փոքր բեռնատար ավտոմեքենա՝ մայրուղուց հեռու գտնվող բնակավայրերում արտադրված գյուղմթերքը շուկա հասցնելու նպատակով: Ձեռք են բերվել նաև «Բելառուս» մակնիշի տրակտորներ, իսկ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ձեռք բերել նաև խոտհնձիչ և կալսիչ կցորդներ:
Զառիթափում նույնպես կարևորվել է համայնքի համեմատաբար մեծ բյուջեով մի շարք խնդիրների լուծման հնարավորությունը: Կարևորելով թիմային աշխատանքը, Վ. Տերտերյանը նշել է. «Բարեփոխման արդյունքում վարչական ռեսուրսի համատեղումով ծնվում են նորանոր գաղափարներ, իսկ ֆինանսական ռեսուրսերի համատեղումով այդ գաղափարները կյանքի կոչելու և իրականացնելու առավել լայն հնարավորություն է ստեղծվում»:
Հանդիպումների ավարտին համայնքապետերին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվել են հստակ պարզաբանումներ»: