Դանի Ալվեսը հայտարարել է Յուվենտուսը լքելու մասին
СпортԲրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է Թուրինի «Յուվենտուսը» լքելու մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներին և իմ թիմակիցներին՝ այս տարվա համար: Նաև ակումբին, որը պայքարեց և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Կարծում եմ, որ իմ նվիրվածությունն այս ակումբի և նրա երկրպագուների նկատմամբ հարգանքի նշան էր: Օգնել եմ թիմին դառնալ էլ ավելի լավը:
Ցանկանում եմ ներողություն խնդրել «ծեր սինյորայի» երկրպագուներից, որոնք մտածել են, թե ես նրանց վիրավորում եմ: Երբեք նման մտադրություն չեմ ունեցել: Պարզապես սա իմ կյանքի տեսակն է: Դա ոչ բոլորը կհասկանան: Իհարկե, ես կատարյալ չեմ, սակայն իմ սիրտը մաքուր է:
Այսօր իմ և «Յուվենտուսի» միջև պրոֆեսիոնալ հարաբերություններն ավարտվեցին: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարոտային՝ այստեղ հանդես գալու հնարավորության համար: Ֆուտբոլ եմ խաղում ոչ թե փողի, այլ հաճույքի համար: Սիրում եմ ֆուտբոլը և փողը երբեք ինձ չի ստիպի փոխել ակումբային գրանցումը»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»: