Արտահանման ապահովագրության ներդրումը նպաստում է արտահանման ոլորտի զգալի աճին
ЭкономикаԱրտահանման ապահովագրումը Հայաստանում նպաստելու է արտահանման զգալի աճին:
Լրագրողների հետ կայացած հանդիպմանն այս մասին խոսեց «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Նրա խոսքով՝ ապահովագրման շնորհիվ գործարարը դուրս է գալիս նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է և կարող է անհրաժեշտության դեպքում ստանալ ֆինանսական ռեսուրսներ՝ կատարելով պայմանագրային պարտավորությունները: Կառավարության որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Պարզեցվել է դիմելու, վերլուծության ընթացակարգը:
«Եղել են դեպքեր, երբ Հայաստանից ապրանք են արտահանել և դրա դիմաց չեն վճարվել: Նախկինում լուծումն էր աշխատել կանխավճարային սկզբունքով, որը սակայն մրցունակ չէ: Այս խնդիրը լուծելու համար էլ ստեղծվել է գործակալությունը: Գործակալությունն ապահովագրում է գնորդին չվճարման ռիսկերից, և եթե գնորդը սահմանված ժամկետում չի վճարում, ապա փոխհատուցում ենք արտահանողի կրած վնասի մինչ 95 տոկոսը: Կա նաև նախարտահանման ֆինանսավորման ապահովագրություն, երբ գործընկեր բանկն արտահանողին տրամադրում է ապագա պայմանագրի արժեքի մինչև 90 տոկոսի չափով վարկավորում ապրանքն արտադրելու համար, երբ արտահանողն ունի արտահանման պայմանագիր ֆինանսապես կայուն գնորդի հետ, բայց չունի բավարար միջոցներ, իսկ գործակալությունն ապահովագրում է բանկի վարկի չմարումը»,-ասաց Վազգեն Աբգարյանը:
Նրա խոսքով՝ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ՝ մինչ 2018թ նախատեսվում է ապահովել ապահովագրված գործարքների կրկնակի աճ: Կատարելագործվել է արտահանման ապահովագրության և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության գործիքակազմը: Ավելացվել է այնպիսի հնարավորություն, որ մատակարարումը կատարվի արտահանողի հետ փոխկապակցված գործընկերների միջոցով: Գործակալության կայքում ներկայացված է նաև արտասահմանյան մոտ 1000 գնորդ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտային բաշխվածության և ոլորտների:
«Օրինակ, հայաստանցի գինեգործը կարող է տեղեկանալ՝ ով է Ռուսաստանում հետաքրքրված հայկական գինու ներմուծմամբ և կապ հաստատել այդ ընկերության հետ: Մենք նպաստում ենք, որ արտահանողը դուրս գա նոր շուկա՝ իմանալով, որ իր պայմանագիրն ապահովագրված է»,-նշեց Աբգարյանը:
2015-2016 թթ ապահովագրական ծավալները քառապատկվել են: Իսկ 2017-ի հունվարից հունիսին 6 անգամ աճ է գրանցել 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ին ապահովագրված արտահանումը կազմել է 2,2 մլրդ դրամ, իսկ այս պահի դրությամբ՝ 1,8 մլրդ դրամ: Նմանատիպ շարունակություն ապահովելու դեպքում նախատեսվում է, որ ապահովագրված արտահանումը կգերազանցի 4,5 մլրդ դրամը: 2016-ին հայտ է ներկայացրել 60 կազմակերպություն, իսկ այս պահի դրությամբ՝ 40-ը: Նախատեսվում էր, որ մինչ 2018-ի ավարտը առնվազն 150 կազմակերպություն հայտ կներկայացնի ծառայություններից օգտվելու համար:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված է որպես ապահովագրական ընկերություն: Փաստացի գործունեությունը սկսել է իրականացնել 2015 թվականից: Ներկայումս համագործակցում է Հայաստանի 8 խոշոր առևտրային բանկերի հետ, ևս մի քանիսի հետ բանակցությունները շարունակվում են: