Թիվ 1 տուն-ինտերնատի կողքին նոր շենք է կառուցվում. Արտեմ Ասատրյան
ОбществоORER.am-ի հաղորդմամբ՝ 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ աղմուկ բարձրացրած Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի կողքին նոր շենք է կառուցվում` անկողնային հիվանդների համար:
Ըստ նրա՝ խոսքի Քուվեյթի դեսպանատան միջոցով կիրականացվի կահավորում, ու արդյունքում անհամեմատելի վիճակ կլինի։ Սեպտեմբերին այն, ըստ երեւույթին, կշահագործվի:
«Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւս անդրադարձավ տուն-ինտերնատի խնդրին` խոսելով տուն-ինտերնատի նախորդ տնօրենի հեռացման մասին:
Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մրցույթին մասնակցել է երեք անձ, երեքն էլ՝ տուն-ինտերնատի աշխատակիցներ։ Տուն-ինտերնատի համար հատկացվել է 322 մլն բյուջե, որից մոտ 60 մլն-ը՝ սննդի համար»։
Պատգամավորը եւս մեկ հարց ուղղեց, որը վերաբերում էր կենսաթոշակային կուտակային համակարգին` ինչքան գումար է ծախսվել այդ գումարներից որպես ներդրում եւ որ ոլորտներում. «Նաեւ ուզում եմ տեղեկանալ` դուք ասացիք, որ 8 հազար մարդ ավանդ է ստացել, տարիքային ի՞նչ ցենզ է եղել։ Ինձ դիմել են 90-ն անց մարդիկ եւ նրանց ասել են, որ սպասեն մեկ ու կես տարի։ Ինչո՞ւ են ձգում փոխհատուցումները. մարդիկ մտավախություն ունեն, որ չեն ապրի այդքան»։
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգում կա 60 մլրդ դրամից ավելի ակտիվ, որոնք տնօրինում են կառավարիչները։
«Թե ինչ է արվել, ԿԲ-ն կարող է ասել ու տեղեկանք տրամադրել։ Կուտակային համակարգի ներդրումը այլընտրանք չունի, այնտեղ ես երկրորդ կարծիք չունեմ: Ինչ վերաբերում է ավանդներին, ապա կասեմ, որ ավանդների տրամադրման տեմպը հիմա ավելի մեծ է։ Մենք ունենք հիմա այնպիսի մի իրավիճակ, որ բոլորն էլ կստանան իրենց ավանդները ու երկար սպասելուց զերծ կմնան»։