Հուլիսից Հայաստանում կմեկնարկի ակտիվ պեղաշրջանը
ОбществоԳիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հուլիսից կտա ակտիվ պեղաշրջանի մեկնարկը: Հանրապետության 35 հուշարձաններում պեղման աշխատանքներ կիրականացվեն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով` դրանք 8000 եւ ավելի տարվա հնության հուշարձաններ են, որոնց մեծ մասն ուսումնասիրելով պարզ է դառնում, թե նախամարդն ինչպես է բնակեցրել այս տարածքները: «Մենք ունենք նաեւ հուշարձաններ, որոնց ուսումնասիրության արդյունքներն առանցքային նշանակություն ունեն հասկանալու համար, թե ինչպես է բնակեցվել Եվրասիան»,-ասաց նա:
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը նշեց, որ պեղումներն այս տարի կշարունակվեն նաեւ Սիսիանում գտնվող Աղիտու հուշարձանի տարածքում, որտեղ հոմո սապիենսի հետքեր են գտնվել: «Կշարունակենք աշխատանքները, որ տվյալներ կորզենք այդ ժամանակվա էկոլոգիական միջավայրի, կենսառեսուրսների մասին, որպեսզի ամբողջական պատկերացում ունենանք, թե ինչպես է հոմո սապիենսը բնակեցրել այս տարածքները: Սա միակ հուշարձանն է` շերտագրված այս տարածքների համար»,-հավելեց նա: