Միհրան Պողոսյանն անկեղծացավ ու բացեց բիզնես կառավարման իր գաղտնիքները
ОбществоՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ողջունում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ տվյալ մարմինը նրա համար է, որ մատնացույց անի իրավական համակարգի բոլոր բացերը:
Դիտարկմանը, թե արդյոք մտավախություն չունի, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները եւ նրանք այլեւս չեն կարող իրենց բարեկամների անունով գրանցել ունեցվածքի մի մասը, Միհրան Պողոսյանն ասաց. «Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»:
Ինչ վերաբերում է այսուհետ իր կարողության հրապարակման հարցում ավելի անկեղծ է լինելուն, պատգամավորը խոստովանում է ինքը շատ ավելի անկեղծ է, քան կարծում են: Անկեղծ պատգամավորը չխուսափեց զրույցի ժամանակ բացել նաեւ հարստություն կուտակելու իր գաղտնիքները. «Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ եւ 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել եւ այլն, եւ այլն», - անկեղծացավ պատգամավորը: